Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարի առաջին հրամանին պարտավոր էին «իրենց հացով և ջրով» բարձրանալ լեռները և դիրք պահել գյուղերին մոտիկ։ Նրանց մեծ մասը արևմտյան ֆրոնտում մասնակցել էին այնպիսի պատերազմների, որոնց համեմատությամբ տեղական կռիվները սոսկ «գլխացավանք» էին։ Առաջիններից էր կազմված «տրեխավոր բատալիոնը», իսկ երկրորդներն ունեին իրենց յուրահատուկ կարգը, որ նմանվում էր քրդական աշիրեթին. «բառկալո քոչը բարձելու հրաման` քրդերեն», և բոլորը բարձում էին քոչը, այսինքն մի քանի օրվա պաշար մեջքերին բարձրանում էին լեռները։

Այդ զինվորներից ոմանք երևում էին նաև Շուղանց քարատակում, թեև նրանք գերադասում էին հավաքվել ընկերներից մեկի տանը, այդ տունը վերածելով զորանոցի։ Քարատակ մտնելով նրանք բերում էին ոչ միայն շինելի և սապոգների հոտ, այլև մասնակցում էին գյուղացիների զրույցին, և Աթա ապերն զգում էր, որ նրանց հետ դժվար է գլուխ դնել։

Աթա ապերր զգաստացավ, երբ Անդոն, այդ զինվորներից մեկը և հենց Աթա ապոր եղբորորդին, ասաց.

— Հորեր շատ, դու հանող ասա, Աթամի...

— Այ տղա, ե՜...— Եվ Աթա ապերը ձայնը բարձրացրեց, որովհետև հակառակորդն իր արյունն էր,— ես գլխի եմ, թե ուր ես ծռում, համա առաջդ քար կա... Կամաց, վեր կընկնես...

— Աթամի, թե հորի բերանի քարն ես ասում, կգլորեմ Սանդ աղբյուրի ձորը։ Թե չէ ուրիշ քար չկա։

Մի քանիսը ծիծաղեցին Անդոյի այլիմաստ պատասխանի վրա։ Նրանք հասկացան, որ Անդոն ակնարկում է եղբայր Մելքումովների հորերը, քանի որ Սանդ աղբյուրի ձորը նրանց տան առաջն էր։

— Քեզ ո՞վ է էդպես խրատել... Ուրեմն Մելքումովների ցորէնր դո՞ւ ես աշխատել։ Դու խնձորին լոլո էիր ասում. որ նրանք մաղաղա բաց արին, ցորենատեր, փողատեր եղան։

Հիմա ասում ես...