Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աթամի, ախր Օհան պապի հորերը չկա է՜...

— Օհան պապին չկա, ողջ մնա շենը։ Հապա էսքան մարդ մի Օհան պապի չարժի՞։

— Շատ էլ արժի, հաց տուր է, հա՛ց...

Եվ քարատակում и սկսվում էր սուր վեճը, «կռաժմունքը», ինչպես ասում է աշխարհի չար ու բարուց հեռու ջաղացպանը։ Անդոն մի կողմից, Աթա ապերը մյուս և երկուսին էլ միանում էին կողմնակիցներ, վեճն այնպես էր թնդում, որ հեռվից լսողը կկարծեր, թե երկու գյուղի միջև ջրի կռիվ է, և ահա ուր որ է պիտի տրաքեն մահակները։

Վեճի թունդ ժամանակ Աթա ապերը սկսում էր հայհոյել Անդոյի քեռիներին, որոնց կողմն էր քաշել Անդոն, իսկ նրանք` Անդոյի քեռիները, Աթա ապոր ասելով, քարվան կտրողներ են։ Նա հայհոյում էր Անդոյին ճանապարհից ծռողներին, նրա խրատիչներին` մեծից մինչև փոքրը, ապա շուռ էր գալիս Անդոյի պաշտպաններից մեկի կողմը, ներկում էր նրա յոթ պորտը, անվանելով բակլայի գող, մատաղ ուտող, մաղ ծախող բոշա և էլ ինչեր չէր ասում Աթա ապերը, երբ գազազում էր և սկսում էր հակառակորդին հայհոյել։

— Աթամի, եկել է, եկել,,. Հրեն դռանը կանգնած,— և Անդոն նայեց դռան կողմը։ Եվ նրանք, որոնք չհասկացան Անդոքի հնարը, բոլորը նայեցին դեպի դուռը։

— Ո՞վ է դռանը կանգնած,— և Աթա ապերն էլ նայեց դեպի դուռը։

— Ժողովրդի թշնամիների հոգեառը,— և Անդոն իսկույն թաքնվեց հարևանի հետևը, որովհետև Աթա ապերը գլխի ընկնելով, որ Անդոն իրեն կապ գցեց, ձեռքը մեկնեց մահակին։

Ժողովուրդը քրքջաց։

— Անդո տղա, հալբաթ ձեռքս կընկնես... Հո չեմ վախելու քո խտիկից։ Ես իսկի Ալխա զով պրիստավից չեմ վախեցել։ Նամիսարին ասեմ էդ փափուկ տեղերիդ մի տասը ճիպոտ տա, որ իմանաս, թե ճանապարհը որն է... Աչքերդ հենց պատրաստի վրան է։ Աշխատեք է՜, դուք էլ աշխատեք, Մելքումովների նման դիզեք։ Էս էլ դառավ էն բունթի տարին։