Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գազազել էին մյուսները, և զինվորներից մեկը Կուտուռուզ Սաքոյի երեսին թքել էր։

— Թող հորերը բաց անեն, թող բաց անեն,— ներսից ասել էր մեծ եղբայրը, իսկ ամբոխն ինքնա գլուխ հարձակվել էր հորերի վրա, որոնցից երկուսի բերանին Մելքումովները խոտ էին դարսել։

Սակայն չորրորդ հորն էին բացել և չորսի մեջ էլ մի հատիկ չկար։ Մի հորը լիքն էր բրդի պարկերով, այն երկու հորը, որի վրա խոտ էին դիզել, բերնե-բերան լցված էր պղնձե կաթսաներով, փարչերով, կժերով և ուրիշ պղինձներով։ Ւսկ չորրորդ հորը՝ ամենից մեծը, դատարկ էր և երբ մեկը կռացավ հորի վրա և բղավեց «հաց չկա՜, չկա՜»,— հորն արձագանքեց' «կա՜...կա՜...»։

Դատարկ հորերից սիրտ առնելով նրանք, որոնք հայտնել էին, թե իբրև բարեկամ են եկել,— սկսեցին հանդիմանել նախաձեռնողներին։ Կուտուռուզ Սաքոն բղավում էր այնքան բարձր, ասես կամենում էր, որ Մելքումովները տնից լսեն նրա խոսքը.

— Չկա՛, չկա՛... Այ մարդիկ, բա դուք հա՞յ չեք։ Ուրեմն սրանք մեզ թշնամի են, որ հաց ունենան և թողնեն, որ մենք սովից կոտորվենք...

Ասում են, որ այն զինվորը հենց այդ խոսքից հետո է թքել Կուտուռուզ Սաքոյի երեսին։ Հորերի դատարկ լինելը շատերին հուսահատեցրեց։ Մի մասն իսկույն ցրվեց տները, անիծելով այն ժամը, երբ խառնվեց տաք գլուխ երիտասարդներին։ Բակում մնացին զինվորների խումբը և գյուղացիներից նրանք, որոնց պարագլուխը Կուտուռուզ Սաքոն էր։ Զինվորները պահանջում էին ցույց տալ իսկական հորերը, նույնիսկ մեկն սպառնաց տունը հրդեհ ել, իսկ Մելքումովների փոքր եղբայրը միայն կրկնում էր, որ այլ ուրիշ հոր չկա, որ իրենք էլ քաղաքից են հաց բերել։ Ավելի համոզելու համար նա պատշգամբից զինվորների կողմը նետեց բանալիների կապը և բղավեց.

— Բաց արեք տարեք, ինչ ուզենաք, բայց հաց չկա...

Անդոն բանալիների կապը հետ շպրտեց և նրանից ավելի հզոր կանչեց.