Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քեզ լինի քո մաղազան... Մենք աղքատի պղինձը կողոպտող ավազակներ չենք։

Անդոյի այդ խոսքից կարող էր բռնկվել ավելին, քան խոսքի կռիվն էր, բայց այդ ժամանակ ներս թափվեցին զինվորների կանայք և մայրերը, որոնք մինչ այդ մեռելատանը դառնաղի ողբում էին մանուկների մահը։ Նրանք ներս թափվեցին, ինչպես սագերի վախեցած երամ, աղմկեցին, կախ ընկան իրենց որդիներից և ամուսիններից, աղերսեցին, լաց եղան, իսկ Անդոյի մայրը ճչաց.

— Անդո, խեղճ եմ, արյուն մի անի,— և գրկեց որդուն։

Կանայք նրանց դուրս տարան։

Աթա ապերը գյուղին մոտեցավ այն ժամանակ, երբ գյուղացիները կտուրների վրա փոքրաթիվ խմբերով աղմկում էին։ Ամբոխն, ինչպես պղտոր հեղեղ, բաժանվել էր մանր ճյուղերի. մի տեղ արդեն հանդարտել էր, մի ուրիշ տեղ առվակը նույն աղմուկով շառաչում էր, մի երրորդը գնում էր վճիտ, և ոչ ոք չէր ասի, թե նրա սկիզբը եղել է պղտոր հեղեղը։

Աթա ապերը մոտեցավ զինվորների խմբին։ Նրան արդեն պատմել էին դեպքը։

— Անդո,— և ծերունին բարձրացրեց փեշը,— իմ բաժին ցորենը տա՜ս,— ապա խիստ ասաց,— ծռի էդ ճանապարհից՛. ա՜յ ջահել, Աթամին հին մարդ է, գիտի ինչ է ասում...

Անդոն ոչինչ չպատասխանեց, և զինվորներից ոչ ոք ոչ մի բառ չասաց։

Աթա ապերն սկսեց պատմել, թե Խուռուփի ձորում գարիներն արդեն երկու մատ բարձրացել են, թե ամբողջ ձորում համարյա ձյուն չկա, և եթե այդպես արև անի, Խուռուփի ձորի գարիները շուտ կհասնեն, շատ շուտ...

Երբ ծերունին խոսքը վերջացրեց, զինվորները դարձյալ լուռ մնացին։ Այնպիսի քար լռություն էր, որ Աթա ապերը 30 զարմ ա ցած աչքերով նայեց Անդոյին, նրա ընկերներին, կարծես այդ մարդիկ հանկարծ օտար թվացին Աթա ապորը, ինչպես ուրիշ ազգի մարդիկ, որոնք չեն հասկանում նրա լեզուն,— և ինքն էլ օտարական է ու մոլորելով ճանապարհն ընկել է այս անծանոթ գյուղը։