Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծերունին նայեր շորս կողմը, կարծես ուզում էր ստուգել, թե իրոք այդ մարդիկ իրենց գյուղից են և գյուղն այն ծանոթ գյուղն է՝ Շուղանց քարատակով, Նովավոր աղբյուրով և հին ջրաղացով գյուղը։

Աթա ապերը տեսավ եկեղեցու պատի տակ նստած գյուղացիներին և շտապեց նրանց պատմի ձորի գարիների մասին...

5

Մարտի հետ վերջացան այն արև օրերը, որ Աթա ապոր հույսն էին։ Ապրիլն եկավ պառավի ցրտով։ Ամպերից թափվում էին թեփի նման բյուրեղներ։

Ապրիլի սկզբին գյուղերից հետ կանչեցին զինվորներին։ Կոմիսարը ցուցակ հանձնեց նրանց ավագին և Անդոյին նայելով ասաց. «Պարապ մնալուց բուղա էիք դառել, պոզահարում էիք անմեղ մարդկանց։ Գնացեք ձեզ ֆրոնտում ցույց տվեք»:

Նորից լուրեր էին տարածվում, որ մուսավաթը Ղարաբաղում զորք է կուտակել և գարնան հետ ձորերում պիտի որոտային թնդանոթները։ «Դե միանգամից կոտորվենք վերջանանք, է՜»,— ասում էին Շուղանց քարատակի մարդիկ, և նույնիսկ Բալթա Թիվին այլևս թուղթ չէր խաղում, որովհետև արդեն սաղ աշխարհը տարել էր։ Շուղանց քարատակը դատարկվում էր։ Ոմանք գյուղեգյուղ շրջում էին մի կտոր հացի հոգսով, ոմանք գութանի սարքն էին նորոգում, որովհետև ինչքան էլ սովը զորեր, նրանք այնուամենայնիվ պիտի սերմեին աշնան քելը, թեկուզ թնդանոթի կրակի տակ։

Առաջիկա պատերազմով ոչ ոք այլևս չէր հետաքրքրվում։ Քարատակում նույնիսկ այնպիսի խոսքեր էին ասում, որ մինչև այդ ոչ ոք չէր ասել։ Նիազանց Անդրին սպառնում էր Մեղրաքերծի գլխին կախել իր զադաք ոտնաշորը, իբրև սպիտակ դրոշ. «Կանաչ մատուռը վկա, որ պիտի թուրքանամ... Պիտի թուրքանամ, որ ականջներս հանգստանան։ Իմ գեշի անունը կդնեմ Ասմար, չարսավը գլխին կքաշեմ, կդառնա նորահարս։ Էլ ոչ բերանի սեպերը կտեսնեմ, ոչ չեչաքար երեսը։ Կդառնա հյուրի-փերի...»։ Նա այդ ասում էր բոլորովին