Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուրջ, և չէր իմացվում, դառն հեգնա՞նք էր նրա ասածը, թե ճշմարիտ ցանկություն։

Ծերունիների հմայքը հալչում էր։ Նրանց լսում էին, երբ պատմում էին շատ հին օրերից, երբ այնքան ցորեն կար, որ մոռանում էին հորերի թիվը և նույնիսկ մի սաստիկ ձմեռ իբր թե ցորենը ձյուների վրա շաղ են տվել թռչունների համար։

Նրանց այդ ժամանակ էին լսում, իսկ մնացած ժամանակ քարատակում աղմկում էին այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության զորամասեր և առաջին հրամանին պարտավոր էին դիրքերը բարձրանալ «իրենց հացով և ջրով»։

— Էսօր հարսը ասաց, որ տանը մնացել է չորս հաց...

— Հիմա որ պատրոնը տանեմ մոլլա-ղասումեցի թուրքերի մեջ հացով փոխեմ, պիտի ասեն ազգի դավաճան էր... Մինչև լույս էն փոքրը սովից չքնեց։

— Փոքր ասեցիր, հիշեցի,— ասում էր մի ուրիշը,— տասն օր է մեր Խաչոյի երդից ծուխ չի բարձրանում։ Չեմ իմանում մեռած են, թե ապրում են...

— Երեկ տեսա... Ոտքերն ուռած գնում էր։ Ասում էր հարսի ճակատանոցը տանում եմ գարով փոխեմ։

— Ասա մինչի հիմա ինչո՞ւ ես պահել ճակատանոցը։

Դե ինչ աներ։ Եզը ջրօրհնեքից առաջ մորթեց, երեք ոչխարը Սայու Սիմոնին ծախեց, խոտ ու դարմանը ծախեց Խուռուփի ձորում մի քանի թթենի ուներ, ծախեց, հիմա էլ հարսի ճակատանոցն է ծախում...

— Դու էդ մի ասա։ Դու ասա, թե ճակատանոցի փողերն էլ որ կերան, վաղն ինչ պիտի ուտեն...

— Խաչոն մինշի հունձը չի ապրի։ Երեկ որ տեսա, ասես գետինը պատռել, մեջից մեռել էին հանել։

— Էլ կա էդպես, միայն Խաչոն չի... Եվ պատմում էին ընտանիքների մասին, որոնք կերել էին մինչև վերջին փալասը և անկողին չունենալով քնում էին հարդի մեջ։ Պատմում էին տների մասին, որոնց եթե կրակ տայիր, խանձաոտ չէր բարձրանա, որովհետև տան մեջ այրվելու բան չկար։ Եվ դեպք էր լինում, որ մեկը լսելով պատմում էր, թե իբր հարևան գյուղում կատվի միս են կերել,