Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց հենց այդ էլ սահմանն էր։ Նույնիսկ նրանք, որոնք սովամահից էին պատմում,— նույնիսկ այդպիսիներր, անհայտ է ինչու, հարձակվում էին այդ լուրը հաղորդողի վրա, նրան հանդիմանում էին սուտ լուրի համար, և բոլորն էին վկայում, թե հարևան գյուղում խեղդամահ կլինեն, քարով կգցեն իրենց, բայց այդպիսի անառակ բան չեն անի։

Աթա ապերը գալիս էր տուն, և քունը չէր տանում։ Պառավը մի կտոր կորեկ հաց էր մեկնում նրան, բայց ծերունին այդ էլ չէր ուտում, խաբելով, թե տեր Նորընծայի տանը ոսպով ճաշ է կերել։ Եվ երկա՜ր, շա՜տ երկար, մինչև աքլորականչ, երբեմն մինչև լուսո մոտ, երբ արդեն ճռնչում էր հարևանի դուռը,— Աթա ապերը նստում էր օջախի առաջ, իրենց հին տանը, որի պատերն այնպես էին սևացել և կրակի լույսով այնպես էին փայլում, ասես պատերը ձյութած էին։

Օջախի առաջ Աթա ապերը միտք էր անում հին օրերից մինչև ներկան. նրան թվում էր, թե իր ամբողջ կյանքը եղել է մի արև ճանապարհ ծաղիկների մեջ, սառն աղբյուրների երկրում, որտեղ լեռնալանջին կարմրում է մորին, ձորերում՝ մոշը և երբ կովերը տուն են գալիս, կաթը ցողի նման կաթկթում է ծաղիկների վրա...

Նրան այդպես էր թվում, և երբ մտքով գնում էր Ցուրտ աղբյուր, ման էր դալիս Շահ յուրդի տախտերում՝ աչքերի առաջ Ցուրտ աղբյուրը գլդլում էր ոչ այնպես, ինչպես առաջ... Առաջ աղբյուրը ծաղիկների մեջ չէր երևում, հիմա չորս կողմը փուշ է, և Ցուրտ աղբյուրը վարար չի։ Եթե այսպես գնա քսան տարի, հիսուն տարի,— Ցուրտ աղբյուրը մի օր կցամաքի, և մի մարդ չի մնա, որ վկայի, թե այս ամայի առապարում երբեմն կար մի զանգակ աղբյուր. Շահ յուրդի տախտերում ձին ձիավորով կկորչեր, այնքան խոտը բարձր էր... Հիմա այն տախտերը վարում են, հեղեղատի ձորակները հետզհետե խորանում ևն, և ով գիտի ուր կհասնի այսպես։

Աթա ապերը երբ ուզում էր հասնել մինչև ակունքը, որտեղից ջուրը պղտորվեց,— գտնել սաբաբին, որից սկսվեց Ցուրտ աղբյուրի ցամաքելը, և այլևս չկար առաջվա փարթամ խոտը,— Աթա ապերը պտտվում էր գետահովտի շուրջը,