Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իսկ դու չգիտե՞ս, որ թշնամու երկրից գաղտնի անցնողը կամ լրտես էէ կամ...

— Ի՜նչ թշնամու երկիր, ինչ լրտես․․․ Կարելի է որ դու չես իմանում, պարոն կոմիսար, բայց արար աշխարհն իմանում է, որ Օրուշն իմ քիրվան է, նրա տունն իմ տունն է...

— Տարիքիդ եմ խնայում, ծերուկ, թե չէ քեզ հետ ուրիշ լեզվով կխոսեի։

— Ուրիշ լեզու չեմ իմանում, պարոն կոմիսար, ես քեզ մատաղ, էս է իմ լեզուն։

Հինգ օրից հետո Աթա ապորը կանչել էին քաղաք, և միայն այդտեղ էր նա իմացել, որ իր քիրվային կալանավորել են։ Ինչքան խնդրեց, աղաչեց, ծանոթների դիմեց, որ միջնորդ լինեն, բայց բան չեղավ։

— Դեռ եթե քեզ չենք պատժում, շնորհակալ եղիր,— և հետախուզական բաժնում նրան դուռն էին ցույց տվել։

— Աթա ապեր, մութ գործ է, էս գործին դու մի խառնվիր,— խորհուրդ էին տվել քաղաքում։

— Աստված, երկինք, գետինք, ճրագի նման արդար մարդ է իմ քիրվան, նրանում մեղք չկա՛, չկա՛,— և Աթա ապերն արտասվել էր։

Շատ ժամանակ անցավ, այնքան, որ պատահական ականատեսն առանց երկյուղի կարող էր պատմել այն, ինչի մասին եթե յուր ժամանակ ծպտուն հաներ, գլուխը մահու կտար։

Այդ պատահական ականատեսը՝ Մինասի տղա Ստեփանը, որի այգին գտնվում է Սորանի ձորում, այսպես է պատմել.

— Մայիսի 4-ի երեկոյան դեմ ես գնացել էի մեր բաղի քանդված պատը նորորգեմ... Մութը որ ընկավ, ասի աչքս մի քիչ փակեմ, մինչև լուսնյակը դուրս գա, լուսնյակով բանս վերջացնեմ։ Շատ էի քնել, թե քիչ, մեկ էլ քնիս մեջ ձայներ եմ լսում... Արթնացա, ասի էս ի՞նչ մարդիկ են մտել բաղը։ Ուզեցի կանչեմ, մեկ էլ մի քանի հրացանավոր տեսա, որ պատի տակով կամաց գնում էին։ Էլ չկանչեցի. ասի ո՜վ գիտե ինչ մարդիկ են... Տապ արի մնացի։ Չեմ իմանում նրանք ինչո՞ւ պատի տակ կանգնեցին։ Մեկը ռուսերեն մի քանի խոսք ասաց, հենց մենակ էն հասկացա, որ ասեց «սկարեյ, սկարեյ», ուրեմն թե շուտ արեք... էն առաջին տարիները, ղազախը որ