Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծերուկը պատմեց ինձ, որ երբ կառավարությունը որոշում է շենքը ակումբի վերածել, սեյիդ Ղասում անունով մի մոլեռանդ հավատացյալ գիշերով ծածուկ մտնում է ներս, կրակ անում շենքի մեջ և սկսում բարձրաձայն աղոթել։ Մյուս օրը քաղաքում լուր է տարածվում, թե մարգարեն իջել է, մեչիտի մեջ և հայտնել սեյիդ Ղալսումին, որ այդ մեչիտը «սուրբ» է. իհարկե «հրաշքը» պարզվում է, և սեյիդին ուղարկում են ուղղիչ տուն։


 Այդ փոքրիկ հրապարակը քաղաքի ամենից սիրուն մասն է։ Հրապարակից տարբեր ուղղությամբ փողոցներ են սկսվում։Հիմա շտկում են, դար ու փոս լեցնում, պատերը կոկում, սվաղում։ Եթե այդպես թափով տարվի աշխատանքը, մի քանի տարուց հետո Նախիջևանը կդառնա մի սիրուն քաղաք։ 


 Հրապարակի դիմաց այգին է, որի մոտով անցնում սրընթաց, պղտոր գետակը, Նախիջևանի «Նեղոսը», որ իջնում է սարերից, արգավանդ տիղմ բերում և առատաձեռն փռում հարթավայրի վրա։ 


 Բաժանվում եմ ալևոր բաննահից և դանդաղ քայլերով իջնում դեպի հրապարակ։ Կանուխ է դեռ, հիմնարկները բաց չեն։ 


 Ահա և բազարը, նեղլիկ փողոցների մի լաբիրինթոս, փոքրիկ կրպակներ՝ մսավաճառի կողքին դարբին, հացթուխի կողքին՝ կոշկակար։ Ապրանքները շարել են խանութի առաջ. ներսում քիչ բան կա։ 


 Էժանություն է, յուղ ու պանիր- որքան ասես։ Առուտուրը իրար մեջ «ղռանի» հաշվով է, իսկ նորեկի կամ անծանոթ մեկի հետ՝ չերվոնեցով։ Մի բան եք ուզում, նայում է նախ, մտածում, թե ի՞նչ ասի — «ղռա՞ն», թե «չերվոն»։ Իրենց ծանոթ մարդկանց հետ ղռանով են խոսում ու կես ծածուկ բռի մեջ դնում ղռան կամ թուման։ Առնում ու ծախում են ամեն ինչ. նսլարավաճառը պղնձե ամաններ է առնում, նավթ ծախողը՝ գորգ ու կերպաս, որ հետո հարմար դեպքում կաթանկ ծախի, կամ արտահանի Իրան։ Առևտրական կապը Իրանի հետ շատ է ուժեղ. քարավաններ կան, որոնք հատուկ այդ գործով են պարապում և բերում ու տանում են, ինչ որ ձեռնտու է՝ պղինձ ու ճոթեղեն, կաշի ու միրգ և այլն։