Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չայխանե եմ մտնում. աթոռներ չկան. տեղավորվում եմ գորգի վրա։ Այցելուներ շատ ունի չայխանեն. նա և բորսա է, և հանդիպումների վայր, և լուրերի կայան։ Երկու ջահել հազիվ են հասցնում թեյ տալ։ Մոտենում է մեկը։


-Մի բաժակ թեյ,— ասում եմ։


— Քո՞ շաքարով,— հարցնում է տղան։


 Ընդունված է այստեղ մի կտոր շաքար դնել գրպանում և օրը մի քանի անգամ մտնել չայխանե։ 


 Նայում են ինձ հետաքրքիր։ Ինձ զարմացնում է վարդերի առատությունը։ Համարյա ամեն սեղանի վրա մի փունջ վարդ կա։ Երևանում դեռ չկա, իսկ այստեղ յուրաքանչյուր ոք իր պարտիզում բացված վարդ ունի։ 


 Գորգերի վրա ծալապատիկ նստած են, խոսում են, թեյ խմում, ծխում կամ ղայլան քաշում։ Իմ գլխավերև կախված է ընկ. Կալինինի նկարը, ներքև՝ եվրոպական պատերազմի մի քարտեզ, որի վրա ճանճի աղտոտությունից ճերմակ տեղ համարյա չի մնացել։ 


 Ներս մտավ ճպռոտ աչքերով, փսլնքոտ, պատառոտած աբան ուսերին, աղտոտ չալման գլխին փաթաթած մի մարդ,«սելյամ» տվավ և նստեց անկյունում։ Երևում էր, որ շրջապատողները պատկառում են նրանից։ Կողքիս նստողը շշուկով ասաց ինձ, որ եկողը «իմաստուն սեյիդն» է։


 Միտս ընկավ ծերուկ բաննահի պատմածը սեյիդ Ղասումի մասին։ Գուցե «նա ինքն է թագավոր փառաց»։ Չգիտեմ. ո՞վ Բաքվի թուրքական թերթում մի հոդված էր զետեղել չայխանեների մասին։ Հոդվածագիրը շատ տեղին էր նկատել, որ չայխանեները ոչ միայն քաղաքական ասեկոսեների վայր են, այլև մի տեսակ «կլուբ» ուղղափառ հավատացյալների համար։ 


 Դուրս եմ գալիս փողոց։ 


 Մանուկների մի խումբ անցնում է շուկայով։ Դպրոցական տղերք են, գրքերը թևի տակ. կանգնեցին մի խանութի առաջ, ուր արկղների մեջ դարսած է զանազան շաքարեղեն, կողքին էլ վանդակի մեջ մի կաքավ։ նայեցին ու անցան։ 


 — Ճամփա տվեք, ճամփա՜,— հանկարծ ետևից լսեցի մի խրոխտ ձայն։ Նեղլիկ փողոցներում ժողովուրդը քաշվեց։