Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկդի: Լսվեց թմբուկի ձայն ու երևաց կարմիր դրոշը, ամրացրած մի ձողի: Դրոշի ետևից ջահել մարդկանց մի ամբողջ շարան, որ քայլում էր հսկա թմբուկի զարկերի տակ:

Շարուրի զինվորացուցներն են, գնում են զինվ. կոմիսարիատ ներկայանալու: Արևից սևացած ռանչպարներ, շատերը քաղաք չտեսած, զարմանքով նայում էին շրջապատին, աշխատում շարքից դուրս չգալ և իրենց կեցվածքին զինվորական ձև տալ: Մի քանիսն էլ չուխաները մեջքին են կապել այնպես, ինչպես զինվորն է կապում շինելը: Յուրաքանչյուրի կրծքին կախված է կարմիր ժապավեն: Զիվորացուների ետևից գնում է մանուկների, թամաշա սիրող անձանց մի ամբողջ խումբ, որ աշխատում էր ետ չմնալ: Ես էլ եմ խառնվում նրանց ու մի քանի րոպեից թափորի հետ միասին հասնում զիվ. կոմիսարիատ:
Հավաքվում է ահագին բազմություն: Ահա և նվագախումբը: Ինձ ասացին որ ընդամենը 15 օր է, ինչ կազմակերպել են նվագախումբը, որի ղկավարը զանգեզուրցի մի եռանդուն տղա է:
Զինվ. կոմիսարիատի պատշգամբից դիմավորում են զինվորացուներին, ողջույնի խոսք են ասում զանազան ընկերներ: Զինվորացուների կողմից պատշգամբ է բարձրանում մեկը և խոստանում պաշտպանել բանվորի ու գյուղացու շահը:
-Մեզ Նիկոլայը սալդաթ չէր տանում, որ մութ մնանք, ուրիշ քաղաքներ չտեսնենք: Հիմա «Ղըրմըզը օրդուն» (Կարմիր բանակը) մեր սիրելի մայրն է, համ ուսում պիտի առնենք, համ էլ սովորենք պաշտպանել մեր երկիրը վտանգներից, թեկուզ այդ վտանգը Արազի մյուս խան ու բեկերից լինի:
Ծափահարում են «յաշասըն» կանչում, գդակները օդի մեջ նետում, նորից կանչում «ուռռա՜»: Նվագախումբը «Ինտերացիոնալ» է նվագում. դեռ նոր են սովորել, նվագը մի քիչ խառն է, արևելյան շերտով:
Մարտինգը վերջացավ, զիվորացուների շարքերն անցան դեպի զորանոցները: Ժողովուրդը ցրվել սկսեց: Բոբիկ ոտքերով, կուրծքը բաց երկու պատանի, հազիվ 15 տարեկան, մոտեցան ինձ, ճերմակ թղթի մի կտոր ձեռքերին: