Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխանության շինարար աշխատանքին, տրամադրում շենքեր, բանվորներ, հաճախ ծախսի մի մասը վերցնում իրենց վրա։


 Շինարար աշխատանքի մասին գիտեն և Արաղի մյուս ափին ապրող խեղճ ու կրակ գյուղացիք, որոնք դարերից ի վեր տքնում են, աշխատում անդուլ և իրենց ամբողջ վաստակը խան ու սարդարի տալիս։ Հողային հարցի աջող և արագ լուծումը, բեգական հողերի գրավումն ու հողահավասարեցումը լավագույն ագիտացիոն ազդակներ են այդ չարքաշ գյուղացիների համար, որոնք Արազի մյուս ափից կարոտով են նայում, թե ինչպես հալալ և ազատ ապրում է Նախիջևանի գյուղացին առանց բեգի ու խանի։ 


 Շատ է պատահում, որ մյուս ափից փախչում են և գալիս բնակվում Նախիջևանի շրջակայքում, դառնում խորհրդային քաղաքացիներ։ 
 Նախիջևանի շրջանը հարստանալու բոլոր պայմաններն ունի։ 


 Հողը բերրի, կլիման նպաատավոր բարձր կուլտուրաներ մշակելու համար, հողի սակավություն չկա, հռչակավոր աղահանքերը խոշոր եկամուտ են տալիս, Պարսկաստանի հարևանությունը թույլ է տալիս արտահանման և ներմուծման։ 


 Անցնում եմ դեպի քաղաքի ծայրամասը։ Ավերակ տներ, համարյա ամեն քայլափոխի հողակույտեր աջ ու ձախ։ Ջարդված աղյուսների կույտերի վրա աչքիս են ընկնում հին փալասներ, փռված արևի տակ։ Մոտենում եմ մի խորշի. երևում է, որ գետնափոր տներում մարդ է ապրում։ Կուզե֊կուզ իջնում եմ սանդուղքներով։ Գետնափոր սենյակի մեջ ապրում է մի ամբողջ ընտանիք. մի քանի աման, մի կուժ, մի երկու փալաս և իրենց վրա եղած ցնցոտիները՝ ահա նրանց սեփականությունը։  


 Նախկին բնիկներ են, որ ազգամփջյան կռիվների ժամանակ գաղթել են, թալանվել, հիմա նորից վերադարձել են ավերակները շենացնելու։ 


 Անցնում եմ առաջ. ականջիս է հասնում մեքենայի անիվի ձայնը։ Մոտենում եմ մի փոքր շինության, նայում եմ պատուհանից ներս։