Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տպարանն:

 Ներս եմ մտնում ուբախ, որ այդ քանդված տների մեջ տեսա կենդանի մի անկյուն, ուր աշխատանք կա, աղմուկ ու երգ։ Տեղական թերթի խմբագրատունն է՝ «Շյարք Գափուսի» (Արևելքի դռներ)։ 
 Ավելի հարմար անուն չկա թերթի համար։ Իրոք որ Նախիջևանը Արևելքի դռներից մեկն է։ Թերթը երեկոյան պիտի լույս տեսնի, շտապ երեսներն են կապում, որ հասցնեն։ Օրաթերթ չէ, աշխատակից քիչ կա, գրելու ժամանակ չունեն։ Բայց թերթն արդեն իր թղթակիցների խումբն ունի, ճանապարհը հարթված է, նույնիսկ հեռավոր գյուղերում է ստացվում։ 
 Գրաշարներից մեկին հարցնում եմ նոր տառերի մասին.  -Ե՞րբ պիտի լինի, —լսել ենք դրա մասին, բայց դեռ չենք տեսել։ Մի քիչ մոլլաները կնեղանան, բայց հուպ կտանք, -ասում է նա և ծիծաղում։ 
 Լատինական շրիֆտ դեռ չկա։ Նոր միայն ստեղծվել է մի հանձնաժողով այդ նպատակով։ Հարց ու փորձ եմ անում թերթի տիրաժի մասին։
  — Մեկ-մեկ տալիս ենք ուղտապաններին, Արազի մյուս ափն են անցկացնում մեր թերթից մի քանի հատ։ Էս էլ մեր կանտրաբանտը,- ժպտալով ասում է գրաշարներից մեկը։ 
 Հարցնում են դրսի աշխարհից։ Մեկը բավական զարգացած, ինքնուս տղա է։ Երբեմն թերթում հոդվածներ է տալիս։ 
 Լրագրի հին համարներից մի քանի օրինակ նվիրում են ինձ, ցույց տալիս կարևոր հոդվածները։ 
 — Էս էլ մեր Մեհտու գրածն է քյաբինի դեմ։ 
 Մեհտին գրաշար է, հակակրոնական պրոպագանդայի ակտիվ մասնակից, սեյիդ ու մոլլայի թունդ հակառակորդ։ 
 Հեռանում եմ այդ կուլտուրական անկյունից, ուր մի քանի հոգի ռումբեր են պատրաստում՝ Արևելքի սեյիդ ու խանի մեչիտն ու քյոշքը պայթեցնելու։ 
 Հոգնած իջնում եմ կայարան։ Ցերեկվա տպավորությունները խռնվել են գլխիս մեջ, աչքիս առաջ է փոքրիկ շինությունը քանդված տների թաղում, ուր մի քանի հոգի շարում են «Շյարք Գափուսի»-ի փոքրիկ համարները, իսկ մեքենան