Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրն էր. ղէռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են։

— Հերու էր, էն որ այերոպլանդան շուռ էր գալիս երկնքում։ 
 Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցալ տարվա աերոպլանը։ 
 Խաղաղ և իր քեֆին ապրում է այս փոքրիկ քաղաքը, որ գրպանի քարտեզի վրա չի էլ նշանակված թեկուզ որպես միջակետ։ Կարծես դիտմամբ հեռացել է այս անկյունը խուլ, որ իրեն չխանգարեն, շատ եռ ու զեռով, ժխորի աղմուկով իրեն չնեղացնեն։ 
 Ապրում է իր քեֆին, կատարում է այն ամենը, ինչ հարկ է, աշխատում է նմանվել մեծ քաղաքներին և օրինակ դառնալ շրջակա գյուղերի համար։ Փոքրիկ այդ քաղաքը գավառի կենտրոնն է, նրան են նայում հարյուրավոր գյուղեր՝ թառած լեռան կատարին, խոր ձորերի մեջ ընկած գյուղեր։ 
 Դրսի աշխարհի հետ ունեցած կապը փոստն է, որ գալիս է անկանոն, բեռը կես ճամփին թողնում, որ հետո վերադառնա բերի. կապը ծուռ ու մուռ խճուղին է, որ լղար եզան պես կողքի ճաղերն է ցցել, կապը՝ հեռագրի մի բարակ թելն է, որ անցնում է տասնյակ վերստեր անմարդաբնակ սարերով, կտրում հավիտյան ձյունապատ լեռների կատարներ, իջնում անդնդախոր ձորեր և հասնում հեռավոր երկաթուղուն։ Շատ հաճախ է գիծը կտրվում. ձյան հյուսեր, սարի քամի, փոթորիկ պոկում են սյունը տեղից։ Սարերով անցնելիս մեկ էլ հանկարծ հանդիպում ես հեռագրասյուների ուղիղ շարքին ու բարակ երկաթալարին, որ կանչում է ասես հուսակտուր ու խեղճ՝ մեծ քաղաքին հաղորդում, որ այնտեղ, երկաթուղուց հարյուրավոր Վերստեր Հեռու, լեռներով փակված մի գետահովտի վրա անհոգ ընկած գավառական փոքրիկ քաղաքում ևս կա մոլեկուլյար աշխատանք, այնտեղ էլ են շինում, այնտեղ էլ է բաբախում թեկուզ մի