Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երակ, որ տանում է դեպի սիրտը՝ լայնարձակ Միությունը Խորհրդային։ Մարդ այնպես խղճահարվում է, երբ ձյունապատ լեռան գլխին՝ ժխորից հեռու, հանկարծ լսում է, թե ինչ-պես նվվում են երկաթի թելերը հեռագրի, ինքդ էլ ուզում ես կանչես, որ մեծ ճամփով անցնող գնացքը մի օր էլ շուռ տա ուղին իր և մխրճվի քնած լեռնապարն այս, լեռները վախենան, բազմանան գործարանները, խաղաղ ու հանդարտ գետահովիտում այս վառվեն հսկա լապտերները քաղաքի։

 Ամեն ինչ դանդաղ է, խաղաղ գավառական այս խուլ անկյունում: Շտապելու հարկ չկա. կենտրոնից հեռու լինելը, մարդաշատ քաղաքի կարիքներին անհաղորդ լինելը ստեղծում է անհրաժեշտ միջավայր, ուր առատորեն զարգանում է գավառացու մտավոր կարճությունը, նրա մեղկ և կենդանական կյանքը, որկրամոլ և թուլամորթ լինելը։ Կատարյալ քաղքենի, օրինապաշտ, պինդ փարած հնօրյա ադաթին՝ նավասարդին ու ձմռան երկար գիշերների զրույցներին։ 
 Լեզո՜ւն, կենդանի խոսքը այս խուլ անկյունում... 
 Յոթ տարի է անցել Հոկտեմբերից, և դեռ մարդիկ կան՝ հին պիսարներ, որոնք հայերենը համարում են գյուղացու լեզու, անվայել անվայել «իրենց» շրջանի համար։ Քա′րը գլխին, թող համարեն. բայց զայրանում ես, երբ ժողովում են այդ ասում. և մեշլանական տիղմի մեջ սնված, չինովնիկի մունդիրի տակ աճած մի էքս-գործավար, որ այսօր մատենավար է սոսկական,— և անգամ թեկուզ Խորաշխի վերստուգիչ հանձնաժողովի,— զայրանում ես, երբ ընդհանուր ժողովում ձայն է խնդրում և խոսում... ռուսերեն (երբ լսողների կեսից ավելին իրենց քաղաքից ուրիշ քաղաք չեն գնացել)։ 
 Եվ այն էլ ի՜նչ ռուսերեն... 
 Իր ելույթը պատճառաբանում է ազատ ցանկությամբ և 30 մայրենի լեզու չիմանալով, այնինչ ստում է, հորինում։ 
 Այդ Կարապետ Հախնազարիչը թեկուզ սոսկ մատենավար է, բայց նրանից շատ բան է կախված։ Իրեն այնպես է դրել՝ մանավանդ եկող-գնացող գյուղացիների մոտ, որ կասես