Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարիչն ինքն է, չափազանց պատասխանատու մի պաշտոնյա։

Մարդու խելք չի հասնում, երբ քննում է մեր խուլ անկյան «անքննելի» բաները։ Ասես մի մեծ հեղեղից փախել և կորած, մոլորած այս մժեղ քաղաքում հանգիստ են աոել նրանք, մրուրը հնի, ոտից ցգլուխ կեղծիք, կաշառք և ցածություն։
Իրեն պատասխանատու չի համարում և ոչ մի դեպքում։ Եթե մեղադրես, կարդարանա հազար տեսակ, իսկ առիթը չի փախցնի իր «բազմանդամ ընտանիքի» համար մի կատեգորիա էլ ավել կորզելու, չնայած աշխատանքն էլ մի զատ չի, կես կատեգորիա արժե։ 
Նա ջուխտ ոտով ու կենտ գլխով անցյալի մեջ է թաղված, սիրով (իհարկե ծածուկ) է պատմում սրան-նրան, թե այսինչ պրիստավի ժամանակ իրենք ոնց կերան, ոնց «մեծավորը» մատը թափ տվեց և գյուղացիք խոնարհվեցին։ Ինչ խոսք, որ ներկա կարգերին հավան չի. անկետա լեցնելիս էլ «համակրող» ընտրելիս նայում է չորս կողմը, և տասն անգամ գույնը թռչում է, էլի գալիս։  
Կարապետ Հախնազարիչը առիթը չի փախցնում կծելու, չնայած գիտե և քսվել, պոչը թափ տալ։ Եթե նա վերաստուգիչի անդամ է, այդ որոշ «պալիտիկա» է, իր ակտիվ լինելն է ուզում ցույց տալ, գուցե մի օր պետք գա։ Եվ անհաշտ հակառակորդ է նորին, իսկ պետական լեզուն հո նրա աչքի փուշն է։ Որ մորթես, նա չի ասի երբեք «գործկոմ», այլ անպատճառ՝ «իսպալկոմ»։ Հայերեն խոսելիս էլ խառնում է այնքան ռուսերեն, որ շիլաճաշ է դուրս գալիս՝ անհամ, անհոտ։ 
Մեր փոքրիկ քաղաքում ուշադրության արժանի բան դեռ շատ կա։ 
Ինչպես ամեն քաղաք, մերն էլ ունի բուլվար ու հրապարակ։ Ճիշտ է, մեր բուլվարում նստարան չկա, բայց լավ յոնջա է բուսնում՝ պառկիր կանաչի վրա ինչքան քեֆդ ուզի։ Շատ անգամ՝ մանավանդ գարնան, կարելի է տեսնել