Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հերիքնազն այժմ էլի առաջվա պես է ապրում` սրա-նրա տան խմոր է հունցում, բուրդ լվանում, ջուր է բերում կամ լվացք անում։ Ժամանակ չունի շատ պարապելու, երեխաների հոգսն ու կարիքը շատ է։ Դրա համար էլ նա օրընդմեջ է հաճախում ետկեսօրյա դպրոց, մի օր աշխատում է՝ երկու օրվա համար։ Ու դասերը սերտում է փոքրիկ ճրագի աղոտ լույսի տակ, երեխաներին քնեցնելուց հետո միայն։

— Անցյալ օրը դասի ժամանակ,— պատմում է ետկեսօրյա դպրոցի մի դասատու,— դուռը կամացուկ բացվեց ու դասարան մտավ մի թմբլիկ մանուկ՝ ուռած թշերով ոտնամանի մեկը ձեռքին։ Ներս մտավ ու զարմացած սկսեց նայել մեզ. իր տեսածը նրա համար օտարոտի էր։ Մանուկը նայեց մի քիչ, պռոշ արեց, որ լա, երբ հանկարծ աշակերտուհիներից մեկը «վույ քոռանամ» ասեց ու արագ մոտեցավ մանուկին։ Հերիքնազն էր, մայրը մանկան: 
— Ես այս պատկերը չեմ մոռանա. նստել է Հերիքնազը նստարանին, մանուկը գրկին: Մի ձեռքով երեխան է գրկել, մյուսով գրատախտակից թվաբանության խնդիրն է ընդօրինակում իր տետրակում: Երբ նրան կանչեցի գրատախտակի մոտ խնդիրը լուծելու, փոքրիկն էլ հետն եկավ, մոր փեշից բռնած։ Մայրը խնդիր է լուծում, իսկ մանուկն աչքերը չռած մերթ մորն է նայում, մերթ ինձ...
Քույրեր են՝ նա, որ դեռ ցուրտ ձմռան բոկոտն ջուր է տանում «խանումին» և նա, որ մանուկը գրկած գրատախտակի մոտ խնդիր է լուծում։ Քույրեր են՝ և նա, որ արևածագից մինչև արևամուտ դաս է տալիս դպրոցում, և ամաչկոտ հարսը գյուղի, որ ուզում է նոր ձևով կնքել իր մանկան, թեկուզ փողոցում, մարագի մոտ։