Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդիկ։ Պ ատահում է, որ ցնցումից մաճկալն ընկնում է, կամ եզն է սայթաքում։ — Դժար ա... Մենք էլ ենք ջարդվում, եզինքն էր: Ինքն էլ, եզն էլ: Սիմոն ամին ջահել ժամանակ շատ է վարել, հիմա պա- ոավել է, կաշին ծալ-ծալ կախվել է կզակի տակ։ — Հերու էր,— շարունակում է Սիմոն ամին,— Ղլեշուն Մադին վար անելիս խոփը հոշին դեմ առավ բիրդան, Մադին ընկավ գութանի վրա, գութանը նրա փորը ճղեց։ Մադին արնակոլոլ ընկավ հենց իր քաշած ակոսի մեջ։ Տունը անտեր է՝ կինը և երեք երեխան։ Հաց չանեն, աշխատող չունեն։ Հիմա Մադու դոներից էլ շեն կանչելու, թե — Եզները հանե՜ք, էգուց վար ա,... Զին կայտառ՝ կածանով նեղ ելնում էր սարն ի վեր։ Սիմոն ամին՝ փշրված ու պառավ մի եզ, էլի պատմում էր, թե մաճ բռնելը ինչքան դժվար է...

3

Ուզուն մեշեն կուսական մի անտառ է, որ տասնյակ վերստ երկարություն ունի։ Մինչև այժմ էլ շատ տեղեր կան անտառում՝ մնացած անաղարտ, ուր ոչ մի անգամ կացին չեն շարժել, ոչ մի ծառ չեն կտրել։ Լուսնկա գիշերով անցնում ենք Ուզուն մեշով։ Ես եմ, Դիլան դային՝ վաթսունամյա մի ծերունի և մի ուրիշ գյուղացի։ Ձյունը փայլում է լուսնի լուսի տակ, հաստաբուն կաղնիներն ասես քարացած հսկումի մեջ են։ — Է՜, էս ճանապարհով հազար անգամ եմ անցել... Հրես մեռնելու եմ, համա աչքս մեշին կարոտ մնաց։ Օրեր տեսած, կյանքում եփված մարդ է Դիլան դային։ Ու պատմում է, թե առաջ հենց այդ ճանապարհով ստրաժնիկի առաջն ընկած ոնց է վազել մինչև քաղաք՝ ամբողջ քառասուն վերստ։ — Ես ոտով, ինքն ասլան ձիու վրա։ Քրտինքից շապիկս մեջքիս էր կպել։ Որսկան շան պես լեզուս կախ արած առաջին վազ էի տալիս։ Որ մի քիչ ետանում էի, պլետով էր տալիս։ Հիմա ո՜ւր, էն ժամանակն ուր...