Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առաջ ուզում էինք մի փոքր շենք շինել, բայց մեկ էջ պլանը փոխեցինք։ Էս նորը լավ է։

Դասը սկսվում է Աշակերտները չեն գրում, միայն կարդում են, որովհետև նստարան չկա։ Նոր են շինում։ Նստոտել էն տախտակների վրա հիսունաչափ մանուկներ՝ կարմրաթուշ ու կայտառ, մեկը մյուսից ժիր։ 
Այդ առաջին խմբակն է։ Նրան հաջորդում է երկրորդը։ Պարապմունքները տևում են մինչև երեկո, իսկ երեկոյան մեծահասակ անգրագետներն են պարապում։ 
— Մեզ էլ էսպես, որ կարդացնեին, հիմա մենք էլ մարդու շարքում կլինեինք,— սրտանց և շատ անկեղծ ասում է մեկը գյուղացիներից։ 
— Ընկեր Լենինն ասել ա, որ մինչի երեք տարին երկրագունտի բոլոր մարդիկ պետք ա գրագետ լինեն։ Եթե շատ չկարան, գոնյա իրենց անունը պետք ա ձեռք քաշեն,— պատասխանում է նրան մի ուրիշը, որ «գերմանու պլեն» է եղել։
Գյուղը մի քիչ ծաղկեցնում է պատգամը լենինյան, բայց իմաստն ու ոգին ճիշտ է ըմբռնել։ 
Խոսում ենք գյուղի պակաս-պռատից։ Նավթը թանկ արժե՝ մի ֆունտ նավթին տալիս են 3 ֆունտ ցորեն։ Կոոպերատիվ դեռ չունեն։ Բաքվի հայրենակցական միությունն իր աջակցությունն է ցույց տալիս. նոր դպրոցի կառուցման մեջ նա մեծ աշխատանք է թափել։ 
Քիչ անց ճանապարհվում եմ մի ուրիշ գյուղ։ Դիլան դային ճանապարհ է գցում ինձ։