Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոմսոմոլը մերվում է գյուղի հետ, բջիջը գնալով ուժեղանում է, հիմա ավելի շատ են թերթ կարդում, ժողովներն ավելի բազմամարդ են, քան առաջ, երբ չարչի կար, քյոխվա ու պրիստավ։

***

Գյուղ ենք գնում ընկերոջս հետ։ Նոր գործիքներ ենք ուղարկել՝ սերմազտիչ, շարքացան, քամհար։ Գնում ենք՝ ցույց տալու, աշխատեցնելու։

Արևը թեքվել է արդեն, իրիկնանում է: Հնձած արտերում խրձերը դեռ չեն հավաքել։ Մի մեղմ խաղաղություն կա դաշտերում, որ մերկացել են ցորենի դեղին հասկերից։ Մարդ չկա, և խաղաղության հետ ամայություն էլ կա դաշտերում։ Ճնճղուկներն են միայն, որ խմբերով թռչկոտում են հնձած արտերում։

— Ինչքա՜ն դժվար էր առաջ գյուղում աշխատել,— ասում է ընկերս, որ քսան տարի անընդհատ, իր գործին հավատարիմ, շրջել է մեր գյուղերում, տարիներ առաջ նոր ագրո-խոսք ասել։ Ծերացել է այդ գործում, ճերմակել են մազերը, բայց ձեռքերում դեռ ուժ ունի աշխատելու։

— Առաջին անգամ էս գյուղը ես եմ եկել։ Լավ հիշում եմ, խոսեցի, ցույց տվեցի նոր գործիքներ, բայց չուզեցին ձեռք բերել։ Մի քանի «աղսախկալներ» խանգարեցին, նույնիսկ շարքացանը տնազ տվին, ասացին, թե մեր հողերում էս մաշինը որ երևա, մեր սերմը կկտրի։

Պատմում է, թե ինչպես ժողովից հետո քնելու էլ տեղ չեն տվել, հուսահատ ու փոշման ուզել է քաղաք վերադառնալ։ Քյոխվան մի էշ է տալիս, խուրջինը գցում է վրան և ոտով, էշին բզելով, գյուղից հեռանում։

— Ինքս ինձ վրա բարկանում էի, թոնթորում, նզովում, թե ինչու ուրիշ արհեստ չսովորեցի…

Կես ճանապարհին իշատերը նրա ետևից հասնում է, էշը ետ տալիս, խուրջինն էլ, իրեն էլ թողնում կիսաճանապարհին։

— Հետո իմացա, որ գյուղում նրան ասել էին, թե էշը սատկելու է, եթե ես եմ տարել: Տեսա էլ ճար չկա, խուրջինն ուսս առա և ճանապարհս շարունակեցի։ Կես գիշերին բեզարած տուն հասա։