Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԻՋԱՆԱԳ



Սիսիանից Նախիջևան տանող ճանապարհն անցնում է Սալվարթուի լեռներով։ Վեց ժամ անընդհատ պիտի բարձրանալ և ապա իջնել։

Ու վերև, գագաթից բացվում է մի հսկա տեսարան։ Հեռվում կապույտ մշուշի մեջ երևում են Վարադաղի ժայռերը, ավելի մոտ անտառոտ Վափանը գանգուր մորթու պես փռվել է բլուրների վրա, իսկ արևմուտքում՝ Նախիջևանի հարթավայրը բերրի։
Հունիսին Սալվարթուի վրա դեռ ձյուն է լինում։ Զուլալ առուները քչքչում են կայտառ, ծաղիկները գույնզգույն, կանաչ ֆոնի վրա, ասես գորգեր են փռած։
Ձմեռն է սոսկալի։ Սիսիանի գյուղացին գիտե ինչ ասել է ձմռան բուքին Նախիջևանի սարն անցնել. քանի՜ հոգի են բքախեղդ եղել, ձի ու չարվադար մնացել ձյունի հաստ շերտերի տակ մինչև գարուն, մինչև հալոցքը ձյունի։ 

Լուսաբացը հեռու է դեռ։ Վայրէջքն է սկսվում։ Նեղ կածանն անցնում է փոքրիկ մացառուտների միջով։ Հանի իջնում ենք, այնքան մացառուտը խտանում է ու վերջում դառնում անտառ։   
— Որ մեշին հասնենք, տաք կլինի,— ասում է չարվադար Աբոն, որն իր գլխի մազի համրանքի չափ գնացել-եկել այդ ճանապարհով ու գիտե ամեն քար ու քոլ։ 
Ցուրտ քամի է փչում, բայց ինչքան ներքև ենք իջնում, այնքան օդն ավելի տաքանում է: Աբոն փորձված է, ձիու կողքից է քայլում։ Այդպես ավելի լավ է պաշտպանվել ցըրտից