Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեզ հանդիպում է մի մեծ քարվան։ Արմենտորգի ապրանքն են փոխադրում։ Հարցնում են, թե սարում հո ցուրտ չի։ Աբոն գիտե բոլորին, ճանաչում է, ով որ գյուղից է։

Իջնում ենք նեղ կածանով։ Մեկը ներքևից բարկացած կանչում է ձիուն, հայհոյում։ հավասարվում ենք։ Ծանր բեռան տակ ձին չոքել է, չի կարողանում վեր կենալ։

— Թամահդ մի քիչ պակաս արա, էլի՛, բա էդ ձին էդքանը կտանի՞, որ բեռնել ես,— կանչում է Աբոն և մոտենում Օգնում ենք։ Բեռը նորից բարձում է ու ճանապարհը շարունակում։

— Էհ, սրանք չարվադար ե՞ն։ Հե՜յ գիտի ժամանակ։ Էնպես ադաթ կար առաջ, որ եթե չարվադարը ճանապարհին իր ընկերոջ թողներ, էլ նրա հետ ոչ ոք ճանապարհ չէր գնա։ Թողել են բեռը վեր ընկած, իրենք գնացել,— տրտնջում է Աբոն։ — Հասանք հա։ Հրեն Բիչանագի ծուխն երևաց։

Զորից ծուխ էր բարձրանում։

Բիչանագում առաջ մալական էր ապրում։ Գյուղը կոչվում էր Կարմալինովկա։ Պատերազմի տարիներում մալականները քոչել են ուրիշ գավառներ, որը՝ Շամախի, որը՝ Դիլիջան, որն էլ Ռուսաստան։ Գյուղում այժմ թուրքեր են բնակվում:

Բիչանագը Նախիջևանի սահմաններումն է։ Կտրված լինելով կենտրոնից և ընկած հեռու ձորում, Բիչանագն առաջ էլ իր ուրույն կյանքով էր ապրում։ Այժմ էլ շարունակվում է այդ դրությունը։

Բիչանագում ոչ մի կազմակերպություն չկա. չկա կոոպերատիվ, դպրոց։ Գյուղում կուսակցական մարդ չկա։ Առանձին գյուղխորհուրդ չունեն։ Նայում են Շահբուզ գյուղին, որ 20 վերստի վրա է։ Հողաշինարարական աշխատանք ամենեվին չի տարված։

Գյուղում զանազան վեճեր լինելու դեպքում այս կամ այն ախսախկալն է վճիռ տալիս, համաձայն ադաթի ու հին. սովորության։

— Սեյիդ ամու մոտ մի չավ չայ խմենք,— ասում է Աբոն։