Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ հիմա թամքած ձիով ենք գնում. իրենք են մեզ կանչել…

***

Գյուղի վերևում նոր շինած վարձակայանի առաջ գյուղացիք են հավաքվել։ Ընդարձակ կալում մի տեղ քամհարն է աշխատում, քամած ցորենը սերմազտիչի մեջն են լցնում, և մեքենայի ներքևից թափում է սերմացուն ջոկ, հավի կուտը ջոկ, ուտելու ցորենն էլ ջոկ։

Կայանի բաց դռներից երևում են շարքացան մեքենաները, որ պսպղին են տալիս։ Նոր ձևի գութաններ կան, երկաթե փոցխեր և ուրիշ մեքենաներ։

Աղմկում է քամհարը, փոշի է հանում, մեկը փոշու մեջ անընդհատ թիակն է բարձրացնում, հարդախառն ցորենը լցնում մեքենայի մեջ։ Իսկ տրիերն էլ գռգռում է, ոսկեհատ ցորենը թափում պարկերի մեջ։

Մի քանի օր է, որ բացվել է կայանը։ Բոլոր գործիքները նոր են ստացված. վարձակայանն էլ նոր է շինված։ Գյուղի նեղլիկ ծուռ ու մուռ փողոցները, ցածր դռները ոչ մի հարմարություն չունեն շարքացան կամ մի ուրիշ մեքենա տեղավորելու, փոխադրելու գյուղամեջ։ Ստիպված կայանը շինել են գյուղի գլխին, հանդ տանող ճանապարհի բերանին։

Հավաքված են գյուղացիք, նայում են զարմացած։ Ոմանք կռանում են, տակից նայում կամ վիզը երկարացնում վերից նայելու, տեսնեն, թե միջին ինչ կա, որ այդպես լավ մաքրում է։

— Մեր կնանոնց կռները դինջացան, խախալները կոտր ընկան,— ասում է մեկը։

Մյուսը հարցնում է, թե՝

— Էս «ագրանովը» Ռուսեթի հողում կարա՞ն շինեն:

Գյուղատնտեսական մեքենաներին շատերն են «ագրանով» ասում։ Լեզուն դեռ պատ չի գալիս, որ շարքացան ասի, զտիչ, քամհար։

— Էս «ագրանովը» սերմ ա գցում, էս մինն էլ ջոկում ա,— իրար բացատրում են։

Նայում եմ ընկերոջս։ Թիկն է տվել պատին և անշարժ