Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փոքրահասակների ամուսնությունն «անշեջ» է կատարվում։

— Դե հլա սովորութ ա, էլի, վերջապես չի լինում ժըխտել,— ժպտալով ասում էր խորհրդի նախագահը: 
Հենց այդ նույն օրը մի դեպք էր եղել։ Տասներկու տարեկան մի աղջիկ են առնում։ Նախագահն արգելում է և տուգանք նշանակում։ Գյուղացին տուգանքը տալիս է, բայց էլի աղջիկն առնում իր տղին։ 
— Ահա քո շտրափը, էլ հո չես կարա մի խոսք ասի,— ասում է, գուռն են փչում է «տարանինան»: 
Կոոպերատիվ չկա։ Կենտրոնից հեռու է, ապրանք դժվար են ստանում, կոոպերատիվի գաղափարը դեռ հանրացած չէ, նախաձեռնող էլ չի եղել։ 
Չարչիներն են, որ խմբերով պարբերաբար գալիս են Նախիջևանից ու ապրանք բերում։ Ինչ խոսք, որ քերթում են, մի տուփ լուցկին 2 գրվանքա ցորենով են տալիս։ Հավաքում են յուղ, պանիր, ոչխար ու նորից վերադառնում Նախիջևան։ 
Ձմռան երկար գիշերներին ուսուցիշը մի խումբ աշակերտների հետ հրատարակել է պատի լրագիր։
Գարնան սկզբին աշակերտների մեծ մասը դպրոց չի հաճախել դաշտում աշխատելու համար։ Թերթն էլ փակվել է մինչև աշուն։ 
Մեկը մի ոտանավոր է գրել, որ վերջանում է հետևյալ տողերով։ 
«Ամուր հիմքերով տարածենք լենինիզմ, հիմնովին տապալենք խավար կրոնիզմն»։ N 2-ում խոշոր տառերով մի կոչ է գրված, որտեղ ասված է այսպես. 
«Ընկեր գյուղացինե՜ր, ստիպե՜ք, որ ձեր երեխաները տանը դաստիարակվեն մարքսիզմի հոգով»: 
Ու մի քիչ հետո
«Մեր դպրոցի աշակերտությունը գտել է, որ մարզանքը մարդկության կյանքում ամենաառաջին տեղն է բռնում»: 
Մի կիսատ պոեմ— ձոն կա, ուր հեղինակն ամպագոռգոռ Լեզվով Ալելուի պսպղուն աստղերին հրամայում է չքանալ անհետ, որովհետև «ավելի փայլուն են մտքերը Իլյիշին»։