Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ զգացված շարադրել է մի աշակերտ իր մտքերը Լենինի մահվան տարեդարձի առթիվ։

«Համաշխարհային պրոլետարիատի հանճարեղ արծիվը, թռավ մեզանից։ Խելքի, կամքի, գործի ծովը չորացավ»։ 
Մի ուրիշ համարում խմբագրությունը դիմում է Ասատուրին և ասում՝ 
— Ասատուր, թող զուռնեդ և հետևիր կոմունիզմին...


Այս տարվա երաշտը տեղ-տեղ խանձեl է արտերը։ Բերքը հերվա չափ չի լինելու։ Գյուղացին մտահոգ է, և համայնքի Կողովին Չեմբերլենի մասին էլ որ խոսեն, էլի նա իր կորեկի  մասին է ասելու։ 
Նրա հանդն ու տավարն է այն առանցքը, որի շուրջը պտույտ է գալիս գյուղացու դանդաղաշարժ միտքը։ 
Գյուղը դեռ մութ է։ Ալելուն էլ մութ գյուղերից է, չնայած որ «Նոր պայթում» լրագիր ունի ու մի տարեկան ուսումնարան: 
Եթե կայուն ժողով է, գեղամիջում մե-մեկ հավաքվում են, ու եկողն անպատճառ պիտի մոտենա քեզ, ձեռքդ սեղմի, հալդ հարցնի, թեկուզ աոաջին անգամ է տեսնում։ 
Ամռան զով գիշեր է: Լուսնյակի շողքն անձև ստվերներ է  կախել, աթարի դեզերը ձիգ ու սրածայր են երևում։ Նստոտել են գետնին գերանի ու քարի վրա։
Լսում են ու հետո բացվում են, մտքի կծիկը ետ տալիս։ 
Ինչքան խայտաբղետ, կարծիքները, հոգսերը զանազան։ Քաղաքի երես տեսածն ու ջահելը ավելի շուտ է հասկանում։ 
Մի ուրիշը, որ օրն ի բուն վար ու ցանքսի հետ է, որի միտքը խոպան է, հերվա հարոս արտի պես, տեղով մի ադաթ. քարացած սովորույթ, նորին դեմ է, քաղաքին կասկածով է նայում ։