Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայում է նրանց, որոնք տարիներ առաջ էշ էլ չտվին, հիմա խռնվել են մեքենաների շուրջը, ինչպես երեխաները նոր խաղալիք տեսնելիս։

Մայր մտնող արևի շողերի հետ երանության մի ժպիտ խաղում էր նրա հոգնած, տարիների կնճիռներով ակոսած դեմքին։

***

— Ա խալխը, հավատալս չի գալիս, թե էս իմ ցորենն ա էսպես իստակ։

Զտիչը դադարում է։ Մաքրած ցորենի մեջ տասնյակ ձեռքեր են մտնում, մի-մի բուռ անում ու մատներով խառնում տեսնեն ինչպես է մաքրել։ Ցորենի տերն է, որ զարմացել է լավ սերմացու ստանալուց։

— Հլա շատ կզարմանաս, Մուքի ամի.— պատասխանում է մի ուրիշը, որ նախքան այդ, ներքին պարծանքով պատմում էր, թե ինքն ինչ մաշիններ է տեսել Գերմանու պլենում: Երեք տարի աշխատել է ինչ-որ տնտեսությունում, ծանոթ է մեքենաներին։

— Հմի էդ ինձ համար ոնց որ խաղ ու պար.— վերջացնում է նա իր պատմությունը Գերմանու պլենում տեսածների մասին։

— Մուքի ամի, աստված կարա՞ մեղավորին արդարից էսպես ջոկի, — ձայնում է մի ջահել, և կողքին կանգնած մի ուրիշ ջահել պատասխանում է,

— Աստված էդ հունարը չունի։

Իսկ Մուքի ապերը զտած ցորենը շալակում է, դանդաղ քայլերով հեռանում գյուղի նեղլիկ փողոցներով։

Գզիրը կտուրներից ձեն է տալիս, որ ժողով կա, ու հետո էլ, թե՝ մի ոչխար է կորել հանդում, տեսնողը գա իմաց տա խորհրդին։

Ժողովի են գալիս, բայց բոլորի բերանում էլ մի խոսք կա միայն.

«Ագրանովի» մաշինը։

Գալիս են մեկ-մեկ, նստոտում բակի քարերին։ Գյուղ-խորհրդի նախագահը մինչև ժողովի բացելը մի քանի գործեր է քննում, գանգատներ ընդունում։