Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՅՈՐԱ

           (Գյուղի տպավորություններ) 
Քերծերի մեջ պահված մի գյուղ է Կյորան՝ սրածայր ժայռերով, քարանձավներով շրջապատված, գետնափոր տներով, ուր արևի շողերի մի խուրձ է թափանցում փոքրիկ հերդիկից և հազիվ է լուսավորում քարայրի ներսը։ 
Ծնկներդ դողում են ու ցավում, մինչև նեղ կածանով Կյորա կիջնես։ 
— Ինչպես են ապրում, ինչո՞ւ այս խորխորատից դուրս չեն եկել,— պատրաստվում ես հարցնելու հանդիպած գյուղացուն։ 
Իրենք էլ են բեզարել։ 
— Ոչ մի շինարար աշխատանք չենք ուզում կատարել,— ասում են գյուղացիք։ 
— Ղզլբաշի ժամանակ Կյորան «պենդոտ» (բերդ) է եղել։ Մեր պապերը դրա համար են հավաքվել էստեղ,— ասում էր մի ալևոր։ 
— Հիմա փուչ տեղ է, էստեղ ապրել չի լինի։ 
«Պենդոտի» ավերակները մինչև այժմ էլ կան։ Ձորի երկու ափին բարձր ժայռերի մեջ թաքստոցներ և անցքեր կան, որտեղից կրակել են ղզլբաշի ժամանակ։ Այդ ամրոցում գյուղացիք հիմա խոտ են դարսում։ 
Կյորան աղքատ է, անչափ աղքատ։ Յոթանասուն ծուխն ունի մի ձի և մի ջորի։ Ամենից ունևոր գյուղացին ունի 20 ոչխար, 2 կով, մի կամ երկու լծկան և մի էշ։ 25 տուն լծկան ու կթան չունեն։