Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Էս Կյորում ապրելով մի լայն օրի հասնելու չենք,— ասում է մի գյուղացի, որ եկել էր մեզնից նոր լուր իմանալու:

Գյուղը ջուր էլ չունի։ 
Դարերի ընթացքում որքա՜ն աշխատել են ջրի փոքրիկ առվակները քերծից քերծ տանելու։ Մի տեղ ժայռն են ծակել մի քանի սաժեն երկարությամբ, մի այլ տեղ հսկա թմբեր շինել կամ նավեր անցկացրել, որոնք լարախաղի պարանի պես ձգվում են մի քերծի գլխից դեպի մյուսը։ Եվ ինչպիսի վտանգավոր ձևով են մաքրում այդ նավերը կամ ժայռեր պայթեցնում նոր առու անցկացնելու։ Պատահել է, որ նավի գլխից մարդիկ ձորի անդունդն են ընկել։ Սարի գլխին մի տափարակ տեղ կա, գյուղի համար շատ հարմար, և ահա որոշել են ամբողջ գյուղով ձորից դուրս գալ և այդ տափարակում նոր գյուղ հիմնել, սակայն որոշումն անկատար է մնացել, միջոց չունեն։
— Էս հեռու ձորին ո՞վ է օգնում,— ասում են,— օգնություն որ լինի, մենք էստեղ չենք ապրի: 
Վտանգավոր էլ է։ Շատ անգամ ժայռերը փլվում են, մարդ ու անասուն տակովն անում։ Քանի՜ գլուխ անասուն է գլորվել նեղ կածանից դեպի անդունդը։ Հենց հիմա էլ գյուղի վերևում մի ահռելի ժայռ կա, որը ճաքել է և մոտ է փլելու։ Եթե դինամիտ լինի, վտանգը կարելի է կանխել։ 
Մի քանի տարի շարունակ գյուղը դաշտում ջրի ակունք է փնտրել։ Դաշտում էլ ջուր չկա։ Գութանավորին էշով են ջուր տանում։ 
Ջրորսների այդ բազմությունը շատ տեղեր է փորել, ջուր գտնելու հույսով։ Եվ գյուղում որքան են ուրախացել, երբ մի գեղեցիկ օր, հողի երեսին խոնավ շերտը վարելուց հետո, կանոնավոր առու է գոյացել։ Փրկության ուղին գտել են, ելք են ստեղծել, բայց միջոց չունեն նոր գյուղ հիմնելու։ 
Ջրորսները հիմա էլ շարունակում են ջրի ակունք փնտրել լերկ ժայռերի մոտ, ամռան կիզիչ արևի տակ։
                         •••
Աղբյուրի մոտ հանգստանում ենք։ Կին ու աղջիկ ջրի են գալիս։Մեզ տեսնելիս մի քիչ շփոթվում են, ոմանք երեսը