Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Մի տուն է պահում է՜, ութ շունչ էս քուոակին են նայում.— ասում է և սրածայր մահակով կրկին ՛բզում։ Անձրևը կաթկաթում է և հանկարծ փոխվում կարկտի: Տասը րոպե չանցած' գետինն սպիտակին է տալիս։ Կարկտին հաջորդում է անձրևը, վարար անձրև, ասես դույլերով էն ջուր թափում: Գզիրը ավելի է բզում, նզովում, «վաշ» անում, որ կարկուտն արտերին վնասեց, որ հեղեղ է լինելու և նորից ու նորից հրում, բզում իշին։ Այհիները դեռ հեռու են, որոշում ենք վերադառնալ։ Մեր եկած ճանապարհն անճանաչելի էր դառեր: Ամեն քայլի վրա մանր վտակներ, պղտոր անձրևաջուր ու սրընթաց գետակներ, որ շառաչով, ահագին քարեր տանելով թավալգլոր իջնում էին սարի լանջով։ Ցեխ է, սայթաքում ենք։ Շորերս սպունգի պես անձրև է ծծել: Արագացնում ենք մեր քայլերը։ Վայրէջքն ավելի հեշտ է։ Աղբյուրի մոտ, ձորի միջով, մի ահագին գետ է անցնում։ Մի կերպ քարերի վրայով ցատկում ենք վազում ու մտնում առաջին պատահած գոմը։ Գզիրը տնից տուն է ընկնում՝՝ փոխնորդ շորեր հավաքելու: Մեկից մի բլուզ, մյուսից՝ տրեխ, երրորդից շապիկ է բերում մեզ: - Մի տան լավ շորեր կար, չտվին,— ասում է գզիրը: — Բաքվից են բերել, ազիզ են պահում: Անձրևը չի դադարում։ Հավաքվում ենք «կանցելարը», որ ներքնահարկ մի սենյակ է: Հեղեղը փոքրիկ լճակներ է գոյացրել կանցելարի հողե հատակի վրա: Գզիրը ցախ է բերում, հենց կանցելարում էլ կրակ անում։ Տաքանում ենք։ Գյուղացիք մեկ֊մեկ հավաքվում են։ Բոլորն էլ բոբիկ, թրջված, ոմանք մի հնամաշ կարպետ ուսերին։ Խռնվում են կրակի շուրջը։ Խոսքը հեղեղի մասին է։ Մի տեղ հեղեղը արտն է սրբել,