Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մաշին ա էլի, մեծ մաշին. խոփերը ետնան քաշ տալիս։ Մին օրում հինգ օրավար ցել կանի։

— Հինգ օրավա՜ր… էդ հո հրաշք ա։

Գնի մասին են հարցնում, ուզում են իմանալ, թե՝

— Էդ տրախտորի մաշինի լեզուն հասկացող կճարվի՞ գյուղում։

Սկսում են թեկնածուների անուններ տալ, թե ով կարող է տրակտորով վարել։ Գյուղը տասնյակ շոֆեր ու մեխանիկ ունի Բաքվում, պետք է մեկին գրել, որ տրակտորի լեզուն սովորի և գյուղ գա։

— Դե ի՞նչ եք ասում, այ ժողովուրդ.— ասում է նախագահը.— էն «ագրանովի» մաշինին էլ հավան չէիք, ասում էիք, թե մեր հողերում կարալ չի աշխատի։

— Ինչ պիտի ասենք։ Որոշ դնենք. մարդս մի եզ տա տրախտորի մաշինը բերենք… Ես իմ ագին ծաղիկ եզը էս գլխից տալիս եմ էդ նպատակին,— ասում է մեկը, տեղից կանգնում և սպասողական դիրքով նայում, թե մյուսներն ինչ կասեն։

Քսանից ավելի գյուղացիք համաձայնվում են իրենց եզները տալ, տրակտոր առնել։

Բայց ժողովը որոշում է ցորեն հավաքել, ընկերության ամեն մի անդամից հինգ փութ ցորեն։ Հենց տեղնուտեղը ցուցակ են անում, գրվում են ներկաները, բացակաների կողմից էլ են երաշխավորում։

Ուշ է արդեն։ Գյուղացիք ցրվում են, հարևանը հարևանի հետ մինչև տուն խոսում է տրախտորի մաշինի մասին։

Մի խումբ երիտասարդներ շրջապատել են մեզ, ուզում են ավելին իմանալ, անհամբեր սպասում են տրակտորին։

— Մի պրծնենք էս չարչարանքից, էն ժամանակ տես գեղում ապրելն ինչքան կհեշտանա,— ասում է նախագահը, որ մինչև այդ ցորենի և անդամների քանակն էր հաշվում։

Եվ քանի՜ ուղեղներ մգլոտած, ծխից սևացած խրճիթներում այդ գիշեր միտք արին քաղաքի տրակտորի մասին։