Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ (Ե)

Դուման է սարերում, խոնավություն է կաթում ամպերից, ցուրտ է, ցեխ։ Քամին քշում է քուլաները ամպի, մի պահ բացում ձորերը խոր, սարի անտառապատ լանջերը, հետո հանդարտում, և ամպերը, լորձունքոտ խխունջի պես, շարժվում են, լիզում սարի փեշերը, էլի ձորը լցնում ամպի սպիտակ քուլաներով։ 
Եվ երբ քաշվում են ամպերը, ներքև՝ ձորում երևում է գյուղը քարակույտերի պես, տները՝ տափակ կտուրով, իրար վրա, մեկի բակը մյուսին կտուր։ Դեղնել են ծառերը, եզները  այցիների ցանկապատն են քարուքանդ անում և, վարից պրծած, ծառերի չոր տերևներն ուտում։ 
Վայրէջքը՝ լայն ու կոկիկ ճանապարհով է։ Նոր են շինել, հինգ հազարի չափ բանող ձեռք է աշխատել, տասնյակ կապեր են դինամիտով պայթեցրել, քարապատ արել, սալել, սայլի ճանապարհ շինել։ Բայց գյուղը սայլ չունի դեռ։ 
Իջնում եմ. ձին՝ վարժ քարոտ ճամփին, գլուխը կախ հետևում է ինձ։ Քիչ հետո հասնում եմ պառավին, որ բոբիկ ոտքերով, էշն առաջ արած, իջնում է ճամփով։ Հալ է հարցնում, նպատակը գնալուս։ Գլուխը երերաց, խոր հառանչ քաշեց նանին, մեռած որդու մասին պատմեց։ 
— Վանիս մեռավ, հեղափոխության գործերին գլուխը զոհ տվավ։ Էն ժամանակ, որ իմ Վանին բալշևիկ էր, էս ձորերում մինն էլ հասկանում չէր հեղափոխության գործերից։ Մեռավ, ինձ էս օրին թողեց... 
Նանին լացակումեց, ձայնը դողաց պինդ ձգած լարի պես Հետո արցունքը կուչ տալով կամացուկ ասաց.