Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քիչ գուցե սխալ չինի։ Ստուգել են, տեսել, որ սխալ չի, այդքան էլ պիտի լիներ։ Եվ քեֆ ու զուռնով են տուրքերը գանձում, շատերը միանգամից են մտցնում։

— Գնանք դպրոցը տեսնելու,— առաջարկում է ընկեր Սնդրին։ 
Գյուղում հերու դպրոց չկար, հիմա հարյուր աշակերտ ունեն, տեղ չկա: Մեկը աչքացավոտ, մի հին, կեղտոտ գոգնոց է փաթաթել փափախին, աչքերը ծածկել,— հնամաշ չուխով մի գյուղացի կանգնել է դպրոցի դռան առաջ։ 
— Վե կալ, վարժապետ, մեղք ա, սրան էլ վե կալ,— խնդրում է, չորս տակ ծալած մի թուղթ ուղղելով ուսուցչին։ Հոր մոտ կանգնել է որդին, բոբիկ, պորտը բաց։ Փսլինք է քթի տակ, տղան սրբում է թևով և վայր սլլող շալվարը ձգում։
— Տեղ չկա, Հաբուդ ապեր։ Երկուսին ընդունել եմ ձեր տնից էլ տեղ չկա, նստարան չկա... 
— Վնաս չունի, թող կանգնի, հո չի մեռնի... 
էլի է խնդրում, դիմումը զոռով ուսուցչի ձեռքին դնում և հեռանում։ Որդին մնում է։ Եվ հեռվից Հաբուդ ապերը նորից է կանչում։ 
— Վե կալ վարժապետ, քե մատաղ... 
Ուսուցիչր շիվար է։ 
— Ընդունեմ, տեսնում եք տեղ չկա, չընդունեմ, լսեցի՞ք ինչ ասեց Հաբուդ ամին։ 
Դիմումն եմ կարդում, ուղղած «ուսումնարանի տեսուչին»։ Հաբուդ ամին է խնդրում որդուն ընդունեն, «որ ինձ նման չմնա անկիրթ»։
Դպրոցը երկու սենյակից է. մի հին, կիսավեր տուն, նեղլիկ պատուհաններով։ Մի կերպ հարմարեցրել են, սվաղել, ապակու տեղ թուղթ փակցրել պատուհաններին։ Նստարան դեռ չունեն, երկար տախտակներ են, քարերի վրա շարքով դարսած։ 
— Էս հեչ,— ասում է մի գյուղացի,— եկող տարի նոր դպրոց ենք շինելու։ 
Գնում ենք նոր դպրոցի տեղը նայելու։ Քար ու ավազ են