Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՄԱՇ



Տափարակի հողերը տեղ-տեղ ճերմակին են տալիս, ասես աշունքվա առավոտը եղյամ է ցողել։

Շորաքյաթ հողեր են, ոռոգման կարոտ։ Շուտով ջուր կլինի, հողն սպունգի պես կծծի ջուրը, հողը կփափկանա, և այնտեղ, ուր այժմ փշեր են բուսել և ուղտի խոտ, կլինի բամբակ, արևի տակ կլցվեն ողկույզները խաղողի, ցորենն առատ բերք կտա։
Ավերակ գյուղեր են, քանդված ցեխապատեր։ Առանց ծածկ, առանց դուռ ու լուսամուտ։ Տարիներ առաջ տափարկի վրայով մահվան թաթառ է անցել և հրդեհել տները։ Գյուղերի մոտ շամբուտները շատացել են, հասել գյուղին։ Եղեգնուտն իր մեջ է առել շատ ավերակներ։ Տափարակի վրա վրաններ կան, տեղ-տեղ՝ հատ-հատ,տեղ-տեղ՝ խմբով։ Դեղնագույն վրանների տակ ապրում են նրանք, որոնց ոտքերը տարագրության հազար վերստեր և շատ սահմաններ են կտրել, տեսել են ծովեր, անցել են ծովեր։ Երբեմնի մշակներ են սրանք, հողի մարդիկ, որոնք ճամփան կորցրած երամի պես թռել են, հազար մղոն անցել և իջել տափարակի վրա, վրաններ զարկել։ 
Գարունքին վար ու ցանքս են արել, այժմ տներ են կառուցում. նոր գյուղեր են հիմնվում։ Արմաշն այգ գյուղերից է, գյուղ վրանների տակ, վրանների մոտ ավերակ տներ։ Քանդում են ավերակները, կառուցում նոր տներ։ Տունը պատրաստ լինելուց հետո մի ընտանիք թողնում է վրանը, տեղավորվում նոր տանը։ Վրանները լայն են և երկար։ Մի քանի ընտանիք միասին են ապրում, մի վրանի տակ։ Վրանի մի անկյունում