Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
  • * *

Վաղուց, շատ վաղուց չէի եղել։ Եվ երբ վերջին անգամ դուրս եկա դարպասից, Աբրոն դռան մոտ էր։ Այն օրից հետո այնքան շատ վայրեր եմ տեսել, այնպիսի օրեր եմ անցել, խորխորատ, հասկանո՞ւմ եք, մի խոր անդունդ է գծված, որի մյուս ափին եք մնացել դուք։ Բայց հերիք էր, որ բաց դարպասով ներս մտնեի, աչքիս ընկներ լայնարձակ բակը, պատուհանները երկաթ ճաղերով, «հյուսիսային» դռները, որ բաց էիք անում գարնան սկզբին,— հերիք էր, որպեսզի դուք ցցվեիք աչքիս առաջ, դռների մոտ։ Ձեզնից հեռանալուց հետո այնքան շատ երբեմնի պալատներ եմ մտել, վազելով եմ սանդուղքները բարձրացել, արքայական ընդարձակ սրահներում ինձ ազատ եմ զգացել,ասես մորենական հին խրճիթն էր։ Բայց երբ բաց դարպասով ներս մտա, պահ մը կանգ առա, զարմացա, որ կապույտ դարպասները բաց են, մշեցի դռնապանը չկա։ Բարձրացա սանդուղքներով։ Մեր ժամանակ էլ սանդուղքի երկաթները մաշվել էին, ծռվել, տախտակները տեղ-տեղ գոգացել էին' շատ կրունկ էր քսվել տախտակին։ Պատերն սպիտակ էին ներկած։ Կլոր սրահը տեսա, որին «հանդիսարան» էինք ասում։ Լենինի մեծադիր նկարը տեսա ոսկեգույն շրջանակի մեջ։ Հիշո՞ւմ եք՝ այդ շրջանակի մեջ սիրունատես մի կնոջ յուղաներկ նկարն էր,կնոջ գրկում' փամփլիկ երեխա, ձեռքին' շուշան։ Ամեն մի նորեկի դուք բացատրում էիք, որ այդ կինը տիրամայրն է, շուշանն անարատ հղության նշանն ՛է։ Գիտեի՞ք դուք, թե ի՞նչ էին մտածում ձեր բեղ ու մորուսով «սաները» ամեն իրկուն նկարի առաջ, երբ մեկը կարդում էր «կանոնք պարկեշտության» և բոլորը մտածում «անարատ» հղության մասին։ Չկա հին շրջանակը։ Չդիտե՞ք արդյոք, թե ո՞ւր է շուշանով կինը։ Դուք տեսել եք Լենինի նկարը նոր շրջանակի մեջ, տեսել եք և դուր չի եկել ձեզ։ Այդ մասին ինձ պատմեց մի կոմսոմոլ տղա։ Սանդուղքներից իջնելիս աչքիս ընկան հին զանգերի կեռերը, խրված առաստաղի գերանին։ Դուք զանգահարում էիք,