Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առավոտը սովորական Էր։ Աջնան սկզբի առավոտ գուղում, մի քանի կալում եզները կամներն էին քաշում, մեկը ուռի ճիպոտներից քթոց էր հյուսում, բոստաններում կարտոֆիլ էին հավաքում։

Հողի վեճեր, գանգատ։ Ծառը շվաք է անում հարևանի արտին, տերը ծառը չի կտրում, ամեն օր կռիվ, խոսք ու զրույց։ Վեճը հին է, ամեն տարի ծառը տերևակալելու հետ էլ վեճը նորոգվում է, աշունքադեմ վերջանում։ Իսկ ծառն ամեն տարի ճյուղ է տալիս և փթերով ընկույզ։ 
— Նա ինձ համար ծառ չի, որդու տեղ ա... Բա ես նրա ճյուղին կարա՞մ կացնով տալ,— ասում է տերը։
— Ես կտամ, ես,— կանչում է արտատերը։ 

— Դու իմ գլխին էլ կտաս, քեզ ո՞վ ՚կթողնի...

Մեկը Պետապից էր գանգատվում Հագին անգլիական շինել էր, վրայից ծվենները կախ չուխա։ Պետապը տոկոսներն ուզում է, ինքն էլ չքավոր է, միջոց չունի։ 
Հետո, գյուղից դուրս գալիս, նախագահը պատմեց Պետապից գանգատվողի մասին։ Երկու օր առաջ նա դատարանի որոշմամբ քսան ռուբլի տուգանք էր տվել մի կնոջ անպատկառ հայհոյելու համար։ Դատարանում առաջարկել էին հաշտվել, ներողություն խնդրել կնոջից տուգանքից ազատվելու համար։ Կինը համաձայնվել է։ Բայց նա կանչել է. 
— Էդքան էլ կտամ, էդ լիրբի առաջ խոնարհվիլ չեմ... 
Կանչել է և ասել մի ուրիշ ծանր խոսք, որի համար կըրկնակի պիտի տուգանեին,բայց դատավորը վճռի ընթերցումը հերիք է համարել։ 
Գյուղից ներքև, տափարակի վրա, ֆուրգոնի շուրջը խմբվել էր բազմություն։ Օտարություն էին գնում մոտ տաս հոգի՝ կին, երեխա։ Ոմանք լալիս էին, գոգնոցի ծայրով արցունքները սրբում և արցունքի միջից բարևներ հիշում նրանց, որոնք հեռու գնացին մեկէլ տարին։ 
Մի պառավ կին հարսին է ճանապարհ դնում թոռան հետ։ Պատվիրում է իրերին լավ նայել, երեխային տաք պահել։ 
-Իվանին ասա, որ ցելերը ցաքելիս անպատճառ գա... Թե կարանք մի եզ առնենք։