Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա դարսած պնակներն ու մուրաբայի դատարկ ամաններն էր տեսնում։

Ծաղկում էր կեռասը, բալը, կարմրին էր տալիս կեռասը, հետո բալն էր սևանում, իսկ իրենք կարոտ էին մնում մուրաբի։ Հարևանի ժիր մանուկներն էին պլոկում Իվան բեյի ընդարձակ այգին, օդտվում նրա բարիքներից և գրպան ու ծոց պտուղներով լցնում, ծլկվում մի ապահով տեղ։ Երբեմն էլ ճղակոտոր էին անում մի ծառ, պտուղ քաղում, իսկ ճյուղը թողնում ընկած, մորթած անասունի պես։

Իվան բեյը տուն էր գալիս, կինը լացակումած կոտրած ճյուղն էր ցույց տալիս և ասում, որ գանգատ տա… Իվան բեյը նայում էր, երերում գլուխը, սուս անում։

Հե՜յ գիտի ժամանակ։ Առաջ ծիտն իր թևով կվախենար Իվան բեյի ծառից մի կեռաս կտցելու։

Այսպես էր մտածում Իվան բեյը, մտքի ծովն ընկնում, լող տալիս դեպի ետ, տասնյակ տարիներ ետ, երբ պրիստավի գրագիր էր, կանցելարի շեմքով ներս մտնելիս գետնին պպզած գյուղացիք պիտի ոտքի կանգնեին, մինչև գոտկատեղ խոնարհ գլուխ տային։

Իսկ ինքը հազում էր խրոխտ, աչքերն աջ ու ձախ ման ածում, տեսնի թե ի՞նչ նոր մարդ է եկել կամ ո՞վ է երեկվա խոսք տված փեշքեշը բերել։ Նայում էր ու, կանցելարի դուռը բաց անելիս, դռան շեմքին արձանի պես կանգնած ծառային ամեն օր հարց անում։

— Ակո՛փ, օթաղս լավ ես սրբե՞լ, տես հա՜…

Ու մատը թափ էր տալիս։ Իսկ Հակոբը մեջքն ավելի էր դեմ անում պատին, ձգվում, վիզը երկարում հնդուհավի պես և աչքերը առաստաղին գցելով ասում.

— Հրամել ես, աղա, քո ուզածն ա…

Այդ Էր վերհիշում Իվան բեյը դարպասի քարին նստած ժամանակ։ Թազբեհի հատիկների միալար ձայնն ասես զանգերի ծանոթ ղողանջներ էին՝ հարազա՜տ ու հին։

Փողոցում իրիկվա դեմ, քամին էր սուրում մեղմ, իրար էին քսվում տերևները վայրի խաղողի. մի հաճելի խշշոց կար իրիկվա կիսամութին։ Իվան բեյը կիսախուփ էր անում աչքերը, այդ ձայնին ունկնդրում։