Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավառական ցնցում զգացին, պատուհանի վարագույրները հետ քաշեցին սահող ավտոն տեսնելու, մանուկները դուրս թափվեցին և ճղրտոցով ուրախ՝ ավտոյի հետևից սկսեցին վազվզել։

— Մամա՛, ավթանաբիլը…

Կարմրաթուշ մի մանուկ էր, առավոտվա մածունը շուրթերին, ոտաբոբիկ ու գլխաբաց, որ մոր փեշից բռնած փողոց էր քաշում և կանչում։

Իսկ մաման, որ տասը ծին է անցրել և լիմոնի սմքած կճեպ դարձել, մաման, որ իր օրում ավթանաբիլ դեռ տեսած չէր, շատ էլ չէր վռազում, թանովն էր խառնում։

— Ավթանաբիլը չի փախչի, կտեսնենք…

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը։ Իզուր էր շոֆերը մանուկներին դեն քշում. մի քիչ հետո նրանց խիտ շարքերը օղակաձև սեղմվում էին ավտոյի շուրջ, իսկ մի քանիսն էլ մատով դիպչում էին ավտոյին ու էլի ետ փախչում։

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը։ Խոսում էին հազար ու մի առասպել, բերնե֊բերան լուրեր էին պտտվում և այդ ամենը ավտոյի շուրջ, որ քնել էր ծառի շվաքի տակ։

Ավելի շատ խոսք ու զրույց կար գրասենյակներում, ուր գրագիրը տեղացի ալարկոտ շարժումով չորրորդ անգամ նույն գրությունն էր մուծում մտից մատյան և նոր թուղթ ծալում ուղարկելու «համաձայն մակագրության»։

Մանր շահերի, բամբասանքի, քարացած ըմբռնումի ի՜նչ մեծ աղբակույտ կար գանգերում երբեմնի սրատամ գայլերի, որոնք թև առան իսկույն, շարժվեցին և պատի ճեղքում սմքած մլեկի պես արյան հոտ առան, կենդանացան։

Դող, ներքին դող զղացին նրանք, ովքեր ճահճուտում այդ խուլ գոմեշի փնչոցով պառկել էին ապահով և ցեցի պես կրծում էին հիմքերը նոր շինության։

Մի պահեստապետ, ստորակետի պես կախ բեղերով, որ ամսավերջի զեկուցման մեջ գրում էր, թե «չորացել է այս քան փութ, մկները կերել են այսքան փութ և թափվել է այսքան», մի գիրուկ նախկին, որ հազիվ էր մագլցել հիմնարկի պատից և տաքուկ անկյուն պատրաստել, ինչպես նապաստակը ձմեռելուց առաջ, մի հաշվապահ, որ մայր մատյանի լուսանցքում