Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրթունքները շարժեց, բայց դարձյալ չկարողացավ հավաքել իրեն։

Այդ օրը նա չորս գրություն միայն համարագրեց։ Ամեն մի գրության վրա ժամերով կախում էր գլուխը, թերթում, իբր թե կարդում է (նա չէր ուզում ընկերներին իր հուզմունքը մատնել) և ապա դեն դնում։

Նույն օրը, ճաշից առաջ, դուռը բացվեց և նորեկ երեք հոգին ներս մտան, բարևեցին և անցան վարիչի մոտ։ Իվան բեյը փորձեց ոտի կանգնել, բայց չկարողացավ, ծնկերը դողացին և նստեց։

Երեք հոգուց և ոչ մեկը չտեսավ Իվան բեյի ջրակալած աչքերը, որ ակնոցի ճաքած ապակիների ետևից նայում էին նրանց, մինչև դուռը ծածկեցին։

Փայտե վանդակների ետև, անկյունում, ուր ջրի կուլան էր և ավելը, նստել էր Իվան թեյը իր սեղանի առաջ, ուժը կորցրած թղթերի հետ, որպես թևը ջարդած թռչուն։

Տուն գնալուց առաջ տեղկոմը հայտարարեց, որ երեկոյան ժամը 6-ին բոլորը հավաքվեն։

* * *

Իվան բեյը չճաշեց էլ։

Նստել էր պատշգամբում, նայում էր բակին, ուր հավերն էին քուջուջ անում, բակում բուսած խնձորենուն, որ պտուղի ծանրությունից ճղերն էր կրել։ Նայում էր, բայց միտքը բակից ու պարտեզից հեռու էր թռչում։

Երբ կինը հարցրեց նրան, թե ովքեր են եկողները, Իվան բեյը չկարողացավ իսկույն պատասխանել, նայեց կնոջը, կարկամեց և լեզուն թոլորվելով պատասխան տվավ։

— Այ մարդ, վրադ գույն չկա,— ասավ կինը։— Հերվա մուրաբից մի քիչ կա, ուզում ես մուրաբով չայ...

Իվան բեյը ավելի երկյուղեց, մեջքն ասես ասեղներով ծակծկեցին։ Հետո ինքն իրեն սիրտ տվավ, նույնիսկ ձեռքերը շփեց։

Հանկարծ որդուն մտաբերեց, միակ որդուն, որ փախել էր ճերմակների հետ և տարին մի նամակ էլ չէր գրում։ Իվան բեյի սրտում հույսը փայլեց մի հատիկ շողի պես, հույսը