Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տկար, թե լավ օրեր էլ կգան, որդին կդառնա հետ, կփոխվի աշխարհը, էլի հին ճամփով կերթա ջուրը առաջվա։ Հույսը առկայծեց մի պահ մարվող խարույկի պես, ջերմություն տվավ ու հանգավ։

Սառնություն զգաց Իվան բեյը, մարմինը փշաքաղվել էր։ Վերարկուն ուզեց, կոլոլվեց վերարկուի մեջ և անմիտ հայացքով էլի նայեց բակի խնձորենուն, կիսակարմիր խնձորենուն։

Մտածում էր. մտքերը ցրիվ ոստոստում էին, ինչպես ճնճղուկները ցանկապատի վրա. չէր կարողանում կապակցել իրար։

Ժողով պիտի լինի, գուցե հարց ու փորձ անեն, հին արածները երեսով տան, բանտարկեն, տանեն ուրիշ քաղաք, պաշտոնից արձակեն:

Ուրիշ քաղաք տանելու մասին մտածելիս քիչ մնաց լաց լիներ։ Նա գլուխը թեքեց խոհանոցի կողմը, ուր կինը տնքալով սամավարն էր տաքացնում Իվան բեյին հերվա մուրաբով չայ տալու։ Այդպես նայում է հորթը այն դռնակին, որով մայրը պիտի գա։ Այդքան խեղճություն կար նրա հայացքում, և այնպես թշվառ զգաց իրեն Իվան բեյը։

- Մի վեր կաց, բաղչեն գնա, քամին տա, աչքդ-ունքդ բացվի,— կինն էր ասաց Իվան բեյին,— ի՞նչ ես միտք անում, տղադ սաղ լինի...

— Հե՛չ, ասում եմ տես ինչքան խնձոր կա ծառի վրա,— շփոթված ասաց Իվան բեյը և մտքում ավելացրեց,— ո՞վ է այսքանն ուտելու...

Եվ խարխուլ սանդուղքներով վար իջավ, մի քանի անիմաստ քայլեր արավ բակում ու մոտեցավ մառանի դռան։ Սանդուղքով իջնելիս նա ուզում էր հավաբնի կոտրած տախտակը տեսնել, բայց մառանի դռան մոտեցավ, դուռը թեթև հրեց ու ներս մտավ։

Ինքն էլ զարմացավ հանկարծ, թե ինչու է առանց ճրագ մառանը մտել, դատարկ մառանը, ուր գերանների վրա սարդերը ոստայն են հյուսել։ Մի քիչ էլ կանգնեց ու մառանից դուրս եկավ։

Պարտեզի դուռը բանալիս նա հիշեց, որ մառանի աջ