Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեյ խմելու ժամանակ, երբ կինը հերվա մուրաբան մեծ գդալով էր լցնում բաժակի մեջ, Իվան բեյի սիրտը կակղեց և նա որոշեց հայտնել։

— Ժամի 6-ին ժողով են մեզ կանչել էն նոր եկած քննիչները,— ասեց և ունքերի տակից հայացքն ուղղեց կնոջը, ասես ուզում էր իմանալ, թե լուրը նրա վրա ինչպես պիտի ազդի։

— Դե ասի կանչված ես էլի, դրա համար ես ախորժակ պահում,— պատասխանեց կինը։

Այդ միտքը հանկարծ հավանական թվաց նրան։ Գուցե ժողով չէ, այլ ընթրիք։ Առաջ ընդունված ձև էր. գուցե տեղկոմն էր սխալվում։

Բայց ներքին հրճվանքը կարճատև եղավ։ Ընթրիք չպիտի լիներ։ Եթե լիներ, ծառան կասեր Իվան բեյին։

— Երևի մի բան կա, որ...— և բաժակը թեյի ետ տվավ։

Ժամանակից շուտ նա պատրաստվեց ժողով գնալու։

— Այ կնիկ, ասում եմ պալտոս չհագնեմ, էն անտեր կոճակների տեղերը երևում են,— ասաց նա գնալուց առաջ։

— Բան չկա, գնա, կմրսես առանց պալտո։

Եվ Իվան բեյը դուրս եկավ դարպասից, վերարկուն ուսերին, մի թևը կախ, ձեռքին թազբեհը անբաժան։

***

Դեռ ոչ ոք չէր եկել։ Միայն ծառան էր ավլում։

— Ի՞նչ շուտ ես եկել, Իվան բեյ,— ասաց նա։

— Մի քիչ գործ ունեմ, եկել եմ վերջացնեմ,— պատասխանեց Իվան բեյը, իր սեղանին մոտեցավ, գզրոցը քաշեց, որ գրիչը հանի։ Բայց ծառան չհավատաց և ժպտաց խորամանկ։

Քիչ հետո մեկ-մեկ սկսեցին հավաքվել։ Վեցից անց էր, որ ցերեկվա պես դուռը բացվեց և վարիչի հետ միասին երեք հոգին ներս մտան։

Իվան բեյը նայեց նրանց, բայց նրանք դարձյալ չտեսան նրան, փայտե ցանկապատի ետևում, իր սեղանի առաջ։

Երեք հոգին առանձնացան մի սենյակում։ Քիչ հետո նրանք