Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ էլ կանչեց զիլ, մնաս բարով ասաց քաղաքին և փափուկ անիվների վրա սուրաց արագ։

Մանուկը կարմրաթուշ, որ առավոտյան մածուն էր ուտում, նորից կանչեց ուրախ.

— Մամա՛, ավթանաբիլը...

* * *

Ավտոյի առավոտյան կանչը Իվան բեյն էլ լսեց, ցնցվեց և մնաց անշարժ, քարացածի պես։ Հեռացող ավտոն իր հետ անվերադարձ տարավ տասնյակ տարիների մի պատմություն, հեղեղի պես ավերեց այն, ինչ առօրյա էր և հաստարմատ, որպես դարավոր կաղնի։

Իվան բեյը գիշերը չէր քնել։

Ժողովից տուն եկավ՝ գունատված, ջրատար։ Մի քանի ժամում ասես ավելի էր ծերացել, կռացել։ Պատմեց, ինչ ասել էին։

Պառավը փորձեց հուսադրել, նույնիսկ երեքի եկած ճամփան նզովեց և ավելացրեց.

— Հողեմ դրանց գլուխը, միշտ հո աշխարհն էս ճամփով չի գնալու։

Բայց Իվան բեյի վրա չազդեց այդ։ Եթե սրտի խորքում, որպես ապահով թաքստոց, պահել էր մի միտք և առանձնության մեջ շոյել այն, թե աշխարհն այս ճամփով միշտ չի գնալու,— այժմ այդ միտքն էլ էր չքացել, հալվել գարնան ձյունի պես։

Էլ ոչինչ չկա վաղվա համար, կտրվեց թելը այնքան սովորական օրերի։

Նստել էր Իվան բեյը անկողնի ծայրին, աչքերը հառել հատակին։ Եվ միտք էլ չէր անում, որովհետև դատարկ էր ոչ միայն վաղը, այլ այսօր, դատարկ էր և գանգի խոռոչում, սրտի մեջ, չկար մի շող անգամ, որ լուսավորեր խավարը թանձր։

Նստել էր և թազբեհի դեղին հատիկներն էր համարում։

Չքնեց մինչև լույս։

Մեկ մտածում էր գնալ, խնդրել, գուցե մեղքանան, բայց երբ հիշում էր երիտասարդին, որ ժպտալով հարցրեց, թե ինչպես է ծեծել մի գյուղացու...