Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորից։ Օրվա ընթացքում նրա համար ամենից ծանր րոպեներն էին առավոտն ու ճաշվա երեքը, երբ գործից տուն էին դառնում իր ընկերները նախկին։

Ցերեկով փողոց դուրս չէր գալիս, աշխատում էր ոչ ոքի չհանդիպել։ Երբեմն, երբ ծառան ծրարները թևի տակ, անցնում էր պատշգամբի տակով դեպի փոստը, Իվան բեյը ներս էր կանչում նրան, մի թաս արաղ տալիս կամ թեյի կանչում և հարցուփորձ անում, թե ինչ կա այնտեղ, ով է նստում իր սեղանի առաջ, ինչ նորություն կա։

Երբ մութն իջնում էր, փողոցում երթևեկը դադարում, Իվան բեյը դուրս էր դալիս փողոց և զգույշ քայլերով մոտենում հիմնարկի դռան, կանգնում դռան առաջ և հենց որ ոտնաձայն էր լսում, շտապում էր մի տեղ պահվել կամ տուն վերադառնալ։

Իզուր էր վիզը երկարում, որ տեսնի շենքի ներսը, սենյակը ծանոթ և սեղանը անկյունի մոտ, ջրի կուլան և ավելը կողքին, Մի հատիկ ճրագը, որ կախված էր առաստաղից, շատ թույլ էր լուսավորում։

* * *

Ձմեռն եկավ, ձմռան հետ էլ ցրտերն եկան։ Իվան բեյի տան կտուրը ձյունի հաստ շերտի տակ թաղվել էր, ծառերի ճյուղերին ձյուն էր նստել, կտուրի անկյուններից սառուցե լուլաներ էին կախվել։ Թիթեղյա վառարանից ծուխը բարակ ելնում էր, հալվում ցուրտ օդի մեջ։

Մրսում էր Իվան բեյը։ Վառարանի մոտ նստած՝ վերարկուն ուսերից չէր հանում։ Շատ քիչ էր շուկա դնում, գնալիս էլ մի քանի օրվա պաշար միանգամից էր առնում։

Եվ օրերով դարպասի կապը գցած էր մնում, ներս ու դուրս անող չկար։ Առավոտյան սրբում էր սանդուղքների ձյունը։ Հավերին էր կուտ տալիս, պառավն էլ ջրի էր գնում և հետո գալիս թեյ գցում։

Իվան բեյը շաքարի մի փոքրիկ կտորով մի քանի օր էր թեյ խմում։ Եկամուտ չուներ, ունեցածը սպառվում էր, հարկավոր էր խնայել, ձիգ տալ մինչև մի լավ օր։

Բայց քանի գնում լավ օրվա հույսը հալվում էր, խողովակից