Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ելնող ծուխի պես։ Եվ երբ մտածում էր այդ մասին, նրան թվում էր, թե սենյակն ավելի ցուրտ է, կռանում էր վառարանի վրա, փայտի նոր կտորներ դնում և կոլոլվում վերարկուի մեջ։ Վառարանի մեջ փայտը ճարճատում էր, բոցը թրթռում էր կարմիր լեզվակներով, Իվան բեյը մտքի ծովն էր ընկնում, փորփորում մարած հուշերը, անցած ճամփին ետ նայում, երանի տալիս։

Պառավն էր, որ էլ չէր թոնթորում առաջվա պես: Նրան պահողը, խոսեցնողը պառավն էր, որ օրնիբուն շարժման մեջ էր։ Լվանում էր ափսեները, որ իսկի չէին էլ գործադրվում, սանդուղն էր քրքրում, պահարանի շորերը դարսում, ուտելիքի հոգս քաշում։

Իվան բեյին երբեք այնքան հարազատ չէր թվացել իր կինը, այնպես մտերիմ չէր եղել, ինչպես այդ ձմռան։ Երեխա էր դարձել, մի երեխա, որ մոր փեշից է բռնում և մոր գրկում էլ քնում։ Երբեմն ինքը զարմանում էր, թե ինչու մինչ այդ չի մոտեցել պառավին այդպես, սրտին այդքան մոտ չի եղել։

Պառավն աշխատում էր նրան միշտ մի բանով զբաղեցնել, հին ժուռնալն էր բերում կամ թե բրինձ էր տալիս ջոկելու։ Իվան բեյը խոնարհ երեխայի պես նստում էր վառարանի մոտ, սինու մեջ լցրած բրինձը մատով մեկ մեկ ջոկում։

Ձմռան երկար գիշերներին, երբ ձյունամրրիկը սուլոցով ուժգին զարկում էր պատուհանի ապակիներին և գայլի պես ոռնում բուխարիկի անցքում, Իվան բեյը երկյուղ էր զգում և ցուրտ, գլուխը կոխում էր հաստ վերմակի տակ, կծիկ դառնում և աշխատում լսել, թե ինչպես է ոռնում ձմռան քամին։

— Այ պառավ, մեջքդ ծածկի,— ասում էր վերմակի տակ և ավելի մոտենում պառավին։

Ժամերով քունը չէր տանում։ Աչքերը կիսախուփ, վերմակի տակ կծիկ դառած, Իվան բեյի մաշված միտքը շարունակում էր աշխատել։ Հին օրերի դեպքերը թազբեհի հատիկների պես մեկ մեկ դարսվում էին իրար վրա։

Ցերեկով նա եթե սրտնեղում էր, թղթի մի կտորի վրա լրագրից կամ հին ժուռնալից արտագրություն էր անում, գրածը դարսում, համարակալում, ճիշտ առաջվա պես։ Սակայն