Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

* * *

Ծանր օրեր էին Իվան բեյի համար։ Ձմեռվա կարճ ցերեկն անցնում էր մի կերպ, և երբ իրիկուն էր դառնում, մութի հետ էլ երկյուղն էր իջնում Իվան բեյի սրտին։

Երբեմն էլ վառարանը չէր վառում. իրիկնանալու պես տեղաշորի մեջ էր մտնում, որ քնի։ Բայց քունը չէր դալիս աչքին, գլուխն էլ վերմակի տակից չէր հանում սենյակի մութը չտեսնելու համար։

Մրսում էր Իվան բեյը, կծիկ էր դառնում առաջվա պես, բայց էլ պառավը չկար, որ մոտենար նրան և ասեր առաջվա պես.

— Կմրսես, ա՛յ պառավ...

Հարևաններն էին օգնում։ Մեկը մի բաժակ կաթ էր ուղարկում, մյուսը մի աման տաք կերակուր։ Երբեմն հարևանի երեխան էր գալիս փայտ կտրատում վառարանի համար կամ ջուր բերում։

Իվան բեյը ոչինչ չէր ասում, կարծես չէր էլ տեսնում եկող գնացողին։

Նստում էր առաջվա տեղը, վառարանի կողքին, գլուխը կախում վառարանի մոտ։

Գնացող եկողից մեկն էլ, հարևանի մի կին, մի օր կամացուկ հայտնեց իր ծանոթներին, թե Իվան բեյը ցնդվածի պես է դառել։ Ժպտում է ինքն իրեն, ձեռքերը մոտեցնում է սառը վառարանին և շփում իրար։

Մյուսն էլ լսել էր, որ Իվան բեյը խոսում է ինքն իր հետ։ Մեկն էլ ավելացրեց, թե ինքը տեսել է Իվան բեյին իր նախկին հիմնարկի առաջ գլխաբաց կանգնած։

Իվան բեյը ժամերով վառարանի մոտից չէր հեռանում։ Ցուրտ սենյակն էր, թե սովորույթը հին, որ մեխում էր նրան աթոռին, վերարկուն ուսին, թազբեհն էլ ձեռքին։

Մի իրիկուն էլ, երբ փողոցի անցուդարձը դադար էր առել, կողպ էին արդեն դարպասները, երբ սառած ապակիների ետևից կաթնանման լույս էին տալիս ճրագները,— Իվան բեյը իջավ բակ, դես ու դեն խլշած նայեց, ասես մարդու ստվեր էր փնտրում բակում կամ լսում, թե մարդ կա՞ արդյոք այգում կամ փողոցում։