Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԾԱՏՈՒՆ ՏՂԱՆ

Նա հայր ուներ, իսկ հայրը՝ ոչխարներ։ Եվ երբ հայրը մեռավ, գերեզմանի փոսը ծածկելիս իր մտքում նա հոր թողած ոչխարների համրանքն էր անում։

Գյուղի քահանան նրան Աբրահամ էր կնքել, մուծել մատյանի մեջ, բայց գյուղը նրան ավելորդ անուն էր տվել՝ լոշ՝ կախ ընկած ականջների համար։

Եվ երբ հայրը մեռավ (իսկ հայրը ոչխարատեր Ծատին էր), մեռելահացն ուտելիս մի ալևոր բարեմաղթեց լոշ ականջի տավարին ու օջախին առատություն և դառնալով նրան ասաց.

— Ծատու տղա, նզովյալ լինես, եթե շվաքդ անպակաս անես էս օջախին։

Այն օրից էլ լոշ ականջը դարձավ Ծատուն տղա, ավազանի անունը հերվա ձյունի պես հալվեց։

Եվ երբ մի անդամ էլ ձյունը հալվեց, գարնանամուտին ոչխարը սարը քշելիս Ծատուն տղան հորից ստացած ոչխարը քսանով ավելացած տեսավ։

Հետո մի քանի տարի անց, երբ Ծատուն տղի բեղերն այնքան էին մեծացել, որ ապուր ուտելիս ձավարի հատիկներ էին մնում բեղերի արանքում, մի քանի տարի հետո Ծատուն տղան այնքան ոչխար ուներ, որ երեք չոբան հերիք չէր անում։

Հոգսը սարում արածող ոչխարն էր․ իրեն ի՞նչ, թե կտուրի գերանը ճաքել է, պառավ մայրը գլխին շալ չունի գցելու։ Տանն իր կամքը կար միայն, իր խոսքը՝ անգիր օրենք տան անդամների համար, որոնցից մեկը՝ պառավ նանին, ճախարակի մոտ էր դարդահալ լինում, չոբանին չուխացու մանում․