Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուսը՝ եփում, կարում, փոքրերի հոգսը քաշում, ծծկերին ծիծ տալիս և էլի քնում Ծատուն տղի հետ մի վերմակի տակ, ծխից սևացած, ճաքճքած գերաններով խրճիթում։

Երազում էլ սարում արածող ոչխարի հետն էր․ գայլն էր վրա տալիս՝ ինքը քնի մեջ մռնչում էր, ասես բուկն են խեղդում, մին էլ այնպես էր թվում, թե ոչխարները ոսկի են դառնում, դեղին ոսկիներ՝ սարի կանաչի վրա շաղ տված, ինչպես թոնրի մոխրում պեծին տվող պողեր։

Մեկ էլ զարթնում էր, մյուս կողքին դառնում և ոչխարի չափ խոնարհ, անլեզու կնոջը հրում, քնահարամ անում և կատարում այն, ինչ անհաճո էր ծծկեր ունեցող մաշված կնոջ համար։

Ամեն ինչ կյանքում նրան ոչխար էր թվում՝ յուղոտ դմակով, փափուկ դմակով։ Սարում ոչխարը խուզելիս, երբ բրդով լի պարկերը դարսում էին իրար վրա, չոբանի ձեռքի մկրատը նրան աշխարհի միակ գործիքն էր թվում, որով մարդ կարող է աշխարհներ գրավել, ծովի ավազի համրանքով ոսկի ունենալ։

Երբ տերտերը եկեղեցում քարոզ էր տալիս, ասում, թե բոլորը մի հոտ են եկեղեցու համար, թե կա երկնային մի հովիվ, Ծատուն տղան իսկույն մտքով սարն էր թռչում, ուր կախ ընկած դմակով ոչխարներն էին արածում, չաղանում, դառնում դեղին ոսկի։

Հեղափոխությունն էլ նա հասկացավ յուրատեսակ ձևով. թագավորը հովիվն էր, ժողովուրդը՝ հոտը։ Մի մեծ մկրատ Մոսկվայից մինչև ինքը խուզում էր ժողովրդին։

Գյուղում զրույց անելիս նա այդպես էլ ասում էր, թե գայլերը գալու են անչոբան մնացած ոչխարն ուտեն, որ առաջ յուղ ու կաթ էր հոսում Մոսկովից մինչև ինքը, երբ մեծ մկրատը կար։

Ամռան վերջն էր։ Թուխպը մեկ–մեկ նստում էր սարին, շաղոտում էր սարի կանաչը, թացանում էր ոչխարի բուրդը։

Թուխպ կար սարում, երբ Ծատուն տղան ոչխարի մոտ գնաց։ Չոբանները եկան, շները՝ գայլաբոյ, վնգստացին, բայց Ծատուն տղան ունքերն էլ իրար չտվավ։ Բարձրացավ մի քարի գլուխ, ձեն տվավ չոբանին, որ ոչխարը քշեն քարի տակով։ Նեղվածք էր, դժար կապ, ոչխարը մեկ–մեկ էր անցնում, գլուղում