Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մթնեց սահմանը, որ գծել էր նա գերեզմանատնից գալիս։

Խեղճացավ Թանգին։

* * *

Ուրիշ օրեր եկան, արև օրեր։

Կռունկները եկան, սևահողը տաքացավ, սևահողում արևի տակ ծլեց ոսկե հատիկը։

Թանգին գոհ կլիներ, եթե միայն կռունկները գային, և արևի տակ հատիկը ծլեր։

Գարունքին եկան հողերը չափելու, հավասարելու։ Գյուղը մրջնոցի պես էր, գարունքին զարթնած մրջնոց։

Ժողով կար, աղմուկ, աղաղակ։

— Վեր թափեք Թանգու հողերը, հավասար բաժին անենք,— կանչում էին ժողովում, Թանգու երեսին շպրտում՝ «քյասիբ ուտող»։

Եվ բարակ շղթաներով չափեցին հողերը, ապառաժն ու այգին, ջրովին ու դեմին։ Չափեցին, նկարեցին, բաժին արին։

Թանգու հողերը սելավի բերանն ընկան, պարարտ հողերը թռան ձեռքից, հեռացող կռունկի պես, և մնաց այգու կեսը, մի օրավար ջրովի, երկու կտոր վարելահող։ Շունչը քիչ էր, այդքան էր հասնում։

Երբ շղթաները զնգալով կտոր-կտոր արին Թանգու հողերը, նրան այնպես թվաց, թե սիրտն են կտրատում։ Բողոքեց, սպառնաց, գանգատվեց, հռհռացին, ծաղրեցին։

Թանգին հենվեց այգու քարապատին, նայեց չափարարների հեռացող խմբին։

Մայրամուտ էր, իրիկնամուտ էր արդեն։

* * *

Հենց նույն գիշերը Թանգու տանը մի քանի հոգի՝ ազգ ու բարեկամ ժողովի նստեցին։ Թանգին էր կանչել իր ճանաչ մարդկանց՝ մի հնար գտնելու, հողերի բաժանումը խանգարելու, մինչև՝