Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեզ համար մի լույս ծագի,— ինչպես ասում էր Թանգին։

— Թողնեն իմ ձեռքով հողերս բաժանեմ։ Մեկը քեզ տամ. ազգ ես ինձ, ինչո՞ւ խալխը ուտի, ես դատեմ...

Մինչև կես գիշեր հնար էին փնտրում, խափանման միջոց։

— Թանգի ամի, մենք որ բողոք տանք, չեն ընդունի, վերջը լավ չի լինի,— ասաց մեկը։ — Եկ կանանց կազմակերպենք, թող նրանք անեն։

Հենց այդ գիշեր էլ կանչեցին մեկին, որին Թանգին խոստացավ չորս փութ ցորեն, և դիմումը գրվեց նախ միայն «կանանց միության» կողմից, բայց վերջում անհրաժեշտ համարվեց, որ տղամարդիկ էլ ստորագրեն։

Եվ գրագիրը թղթի վրա շատ պարզ դրեց նախ «ՀՍԽՀ», տպա ներքևը՝ «Մրվան գյուղի կանանց և տղամարդկանց միություն»։

Աքլորականչին ժողովը ցրվեց։ Թանգին ճրագի տակ նայում էր գրած թղթին, որի վրա ներկա եղողներից մի քանիսը բութ մատով կնքել էին «վասն անգրագիտության»։

Մյուս օրը Թանգին գյուղում մարդու էր ման գալիս, կողմնակից ճարում, համոզում, որ թղթին ձեռք քաշեն։ «Մրվան գյուղի կանանց և տղամարդկանց միության» դիմումը Թանգին հատուկ մարդով քաղաք ուղարկեց։

* * *

Երկար ժամանակ չանցավ։

Մի իրիկուն, երբ Թանգին տնքալով շորերն էր հանում քնելու, գզիրը կտուրից ձեն տվեց նրան, թե շտապ գործով կանչում են գյուղխորհրդից։ Թանգին գնաց՝ ճանապարհին հազար միտք անելով, հազար կասկած։ Դիմումը մերժել էին, հողաբաժանումը հաստատել։

— Թանգի ապեր, գործդ հիմա էլ կանանց հետ է, միանում ես նրանց հետ,— ծիծաղելով ասաց նախագահը,— գնա, տեղդ հանգիստ նստիր, Թանգի ապեր, էն վաղ էր, որ...