Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Բարով եկար,-պատասխանում է գայլը տխուր։

-Ինչո՞ւ ես այդպես տխուր, գայլ աղբեր,-հարցնում է մարդը,-թե մի դարդ ունես, ասա՛, ես գնում եմ Աստծու մոտ, քո դարդն էլ կպատմեմ Նրան։

-Իմ դարդն այն է,-պատասխանում է գայլը ուրախացած,-որ ես ինչքան միս եմ ուտում, չեմ կշտանում. չեմ իմանում՝ ինչո՞ւ։ Խնդրում եմ խնդիրքս կատարես։

Մարդը շարունակում է իր ճանապարհը և վերջապես հասնում է Աստծու մոտ ու պատմում իր դարդը։

-Աստված պատասխանում է.

Քո վերջին օրերը շատ փառավոր կլինեն, եթե դու ցանկանաս, և քո դարդն էլ կմոռանաս։ Կգնաս Մ..... թագավորի մոտ, որը կին է, կհայտնես նրան այդ գաղտնիքը և դու փոխարենը կթագավորես։

-Բայց այն մարդու արտը ինչո՞ւ է այնպես փչանում։

-Որովհետև,-շարունակում է Աստված,-նրա արտի մեջ գտնվում է յոթ կարաս ոսկի։ Ամառ ժամանակ ոսկին տաքանում է, և արտը ժանգով է պատում։

-Իսկ գայլը ինչո՞ւ է այնպես քաղցած մնում։

-Նա կկշտանա, եթե մի հիմար մարդու միս ուտի։

Մարդը գնում է այն թագավորի մոտ և հայտնում նրան գաղտնիքը։

-Խնդրում եմ,-ասում է թագավորը,-դու հագիր շորերս և իմ փոխարեն թագավորիր։ Ոչ ոք չի իմանա, բացի մեզնից։

-Չէ՛, չեմ ուզում,-ասում է մարդը և հեռանում։

Հասնում է արտատերին, որը էլի կանգնել էր տխուր իր արտի մոտ։

-Էլ մի՛ տխրիր. Աստված ասել է, որ քո արտում գտնվում է յոթ կարաս ոսկի, և դրանից է, որ քո արտը ժանգով է պատում։

-Խնդրում եմ,-ասում է արտատերը,-ոչ ոքի չասես, թե չէ կթափվեն, ոսկին կտանեն և արտս կկոխրտեն։ Այս գիշեր չորս կարաս տանենք, իսկ մյուս գիշեր՝ երեքը։

Ասացին ու կատարեցին։

-Այժմ,-ասում է արտատերը,-կամ կեսը քեզ, կեսը