Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Կամաց-կամաց լավացնեք ձեր տավարի տեսակը, ինչպես մալականներն են արել։

— Էդ մինը գյուղում գլուխ գալու բան չի,— կասկած հայտնեցին մի քանիսը։

— Ուրիշ գյուղերում որ գլուխ են բերել, մեզ նման մարդիկ չե՞ն,— առարկեց Գալուստը։

Այս անգամ Գալուստի շուրջր հավաքվեցին մի քանի ուրիշ աչքաբաց գյուղացիներ և գյուղի երիտասարդներից շատերը։

Խոսեցին երկար ու բարակ, հաշիվ արին, թե գյուղում քանի՛ կով կա և ո՛վ կմիանա արտելին։ Ցուցակ արին և որոշեցին կամաց-կամաց գյուղում սրա-նրա հետ խոսել ու մարդ ուղարկել քաղաք՝ արտել կազմելու համար։

— Գալո՛ւստ, դե էդ քո բանն ա, քեզանից բացի ոչով չի կարա,— ասացին ընկերները։

Գյուղի գործ էր, գյուղն առաջ տանելու, լուսավորելու համար էր։

Գալուստը համաձայնեց։

4

Մյուս օրը լուսաբացին Գալուստը ճանապարհ ընկավ։ Հովին հեշտ էր ճամփա գնալ։ Երբ արևը ելավ ու քարերը տաքացան, Գալուստի ճակատից քրտինք կաթեց։ Քայլում էր ճամփով, մեջքին մի աղլուխի մեջ ճամփի պաշար, քայլում էր և միտք անում էլի իր հին միտքը, թե ապրելը ե՛րբ է հեշտանալու…

Ճամփով սելվորներ էին գնում, ոտավոր, ծանոթ գեղական մարդիկ։ Մեկը մի թաշկինակ ձու էր տանում քաղաքում ծախելու, մյուսը՝ երկու հավ, երրորդը՝ մի իշաբեռ խոտ։ Ամենքն էլ հոգս ունեին, մեկը նավթ էր առնելու, մյուսը՝ շաքար, բյազ։

Ինքն իրեն թոնթորալով, մտքի հետ կռիվ տալով գնում էր ճամփան, մտքում Ռուստամ ապոր հետ կռիվ տալիս, նրան համոզում, որ արտելին անգամ գրվի, գեղով միանան, լավ բուղաներ առնեն, խոտ ցանեն։